Հնդկաստանում հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 37, վիրավորվել՝ 100-ից ավելի մարդ
Ջամմու և Քաշմիր նահանգի Կիշթվար շրջանի Չոսիտի գյուղում այսօր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, որոնց մեծ մասը ուխտավորներ էին, նաև վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Այս մասին հայտնել է փոխկոմիսար Պանկաջ Կումար Շարման, տեղեկացնում է Hindustan Times-ը։
Նշվում է, որ ուխտավորներն ուղևորվում էին դեպի Մաչալե Մատա հինդու տաճար:
Աղետը տեղի է ունեցել Չոսիտիում՝ 9500 ոտնաչափ բարձրությամբ Մաչալե Մատա տաճար տանող վերջին անցանելի կետում, տեղական ժամանակով ժամը 12-1-ը, երբ հարյուրավոր հավատացյալներ հավաքվել էին ամենամյա յատրայի (հինդուիստական ուխտագնացության-խմբ.) համար։
Սրբավայր տանող վերջին 8,5 կմ երկարությամբ արշավը սկսվում է գյուղից։
Հաղորդվում է նաև, որ 65 մարդ փրկվել է, գտնվել է Կենտրոնական արդյունաբերական անվտանգության ուժերի (CISF) մեկ աշխատակցի դին, երեքը մարդ էլ անհայտ կորած է համարվում: Որոնողական-փրկարարական աշխատանքները շարունակվում են:


