կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ղրղզստան-Տաջիկստան սահմանը շարունակում է լարված մնալ

Ղրղզստան-Տաջիկստան սահմանը շարունակում է լարված մնալ

Ղրղզատաջիկական սահմանին իրադրությունը մնում է լարված, սակայն հակամարտության համար նախադրյալներ առայժմ չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Նա հավելել է, որ քանի դեռ չի ավարտվել սահմանների նկարագրման հարցը, հակամարտություն կարող Է առաջանալ ցանկացած պահի:

Տաշիեւը հավելել է, որ ավելի վաղ տարհանված բոլոր բնակիչները վերադարձել են իրենց տներ: 

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին իրադրությունը ղրղզատաջիկական սահմանին սրվել է: Պատճառը, ըստ Ղրղզստանի սահմանապահ ծառայության հաղորդագրության, Բաթքեն-Իսֆան ճանապարհը փակելն է:

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ ծառայությունների ներկայացուցիչների միջեւ բանակցություններից հետո ճանապարհի տեղամասը բացվել է: Բայց իրադրությունը վատթարացել է, փոխհրաձգություն է սկսվել Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջեւ, որը շարունակվել է ավելի քան հինգ ժամ:

Տաջիկական կողմը, ինչպես պնդել են Ղրղզստանի սահմանապահ ծառայությունում, օգտագործել է ականանետներ եւ նռնականետներ: Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ փոխհրաձգության ժամանակ վերքեր է ստացել 12 մարդ: Տաջիկական կողմը հայտնել է զինվորականների եւ խաղաղ քաղաքացիների շրջանում տուժածների մասին:

 

  • Կիսվել: