Ֆրանսիայի ԱԳՆ-ն կիբերհարձակումների առնչությամբ բողոք է հայտնել Ռուսաստանին
Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը կանչել է Փարիզում Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ պաշտոնական բողոք հայտնելու մի շարք կիբերհարձակումների կապակցությամբ, որոնք, ըստ ֆրանսիական իշխանությունների, կապված են ռուսական տարածքի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ հանդիպման ժամանակ ֆրանսիական կողմը վճռականորեն դատապարտել է «չարամիտ կիբերհարձակումները», որոնք, համաձայն Փարիզի պնդումների, կազմակերպվել են Ռուսաստանից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան ֆրանսիական կողմից որևէ պաշտոնական դիմում չի ստացել ենթադրյալ կիբերհարձակումների վերաբերյալ։
«Սա դիտարկում ենք որպես ապացույց այն բանի, որ չկան որևէ փաստեր, որոնք կվկայեն տեղի ունեցած միջադեպերին Ռուսաստանի առնչության մասին, ինչպես նաև ապաքաղաքականացված հետաքննություն անցկացնելու շահագրգռվածության բացակայության վկայություն»,-ասել էր Զախարովան:



