երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
ԵՄ-ն հրաժարվել է կասեցնել սահմաններին նոր կենսաչափական ստուգումները՝ չնայած հերթերի խնդրին

ԵՄ-ն հրաժարվել է կասեցնել սահմաններին նոր կենսաչափական ստուգումները՝ չնայած հերթերի խնդրին

Եվրոպական միությունը մերժել է օդանավակայանների և ավիաընկերությունների՝ սահմաններին կենսաչափական հսկողության նոր համակարգի ներդրումը ժամանակավորապես կասեցնելու կոչերը, չնայած ընդունել է, որ համակարգում կա «20 բարդ տեղամաս», որտեղ հերթերի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում, հաղորդում է The Guardian-ը։

Ամառային զբոսաշրջային սեզոնի պիկի մեկնարկից մի շաբաթ առաջ ԵՄ ներկայացուցիչները հայտարարել են, որ Մուտքի և ելքի նոր համակարգը (Entry/Exit System, EES) կատարյալ չէ, սակայն կարծում են, որ դրա ամբողջական կասեցումն անհրաժեշտ չէ և անհնար է։

EES-ի շրջանակներում ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները Շենգենյան գոտի առաջին անգամ մուտք գործելիս պետք է գրանցեն մատնահետքերը և դեմքի պատկերը։ Հետագա ելքերի և կրկնակի մուտքերի ժամանակ նրանց կենսաչափական տվյալները կստուգվեն։

Անցյալ շաբաթ ավիաընկերությունները, օդանավակայանների ներկայացուցիչները և Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիան (IATA) պահանջել էին կասեցնել նոր կանոնների գործողությունը առնվազն մինչև հաջորդ ամառ՝ հանրահայտ զբոսաշրջային ուղղություններում քաոսի առաջացման մտահոգությունների պատճառով։

IATA-ում հայտարարել են, որ ուղևորներն արդեն իսկ բախվում են ուշացումների և բաց թողնված տրանսֆերների հետ Պորտուգալիայում, Իսպանիայում, Իտալիայում, Հունաստանում և Բելգիայում։ Ryanair ավիաընկերությունը նույնպես զգուշացրել է օդանավակայաններում հերթերի քաոսի մասին, ներառյալ հանրահայտ զբոսաշրջային ուղղություններ Մալագան, Ալիկանտեն և Պալման։

Այնուամենայնիվ, ԵՄ ներկայացուցիչները հայտարարել են, որ անհնար է համակարգը գործող թողնել միայն որոշ երկրներում, քանի որ դա կարող է հանգեցնել տհաճ իրավիճակի, երբ ճանապարհորդները հայտնվեն արգելափակված սահմանային անցակետերում։

Օրինակ՝ բրիտանացի զբոսաշրջիկը կարող է մուտք գործել Շենգենյան գոտի այնպիսի սահմանով, որտեղ նոր համակարգն արդեն աշխատում է, բայց լքել այն մի անցակետով, որտեղ հսկողությունը դեռ ներդրված չէ։ Նման դեպքում ռիսկ կա, որ համակարգը կարձանագրի ցանկացած 180-օրյա ժամանակահատվածում 90 օր գտնվելու սահմանափակման խախտում, ինչը կարող է հանգեցնել հաջորդ ուղևորության ժամանակ մուտքի մերժման։

Եվրոպացի պաշտոնյաների տվյալներով՝ սահմանային մոտ 1500 անցակետից միայն 20-ն է համարվում խնդրահարույց, և այժմ ծանրաբեռնվածության նվազեցման պատասխանատվությունը դրված է ԵՄ համապատասխան անդամ պետությունների վրա։

Ամենաբարդ դեպքերից մեկն է դարձել մի փոքրիկ տարածաշրջանային օդանավակայան, ուր մեկ ժամում ժամանել է մոտ 3000 ուղևոր։ Կենսաչափության ստուգման ընդամենը չորս խցիկի առկայության պատճառով աշխատակիցները չեն կարողացել արագ սպասարկել մարդկանց նման հոսքը։ Սակայն իշխանությունները նշել են, որ խնդիրն առաջանում է տարվա մեջ միայն երկու կամ երեք ամիս, քանի որ օդանավակայանը զբոսաշրջային գոտում է։

Լիսաբոնում հերթերը հաջողվել է կրճատել լրացուցիչ անձնակազմ ներգրավելուց հետո, իսկ Բրյուսելի օդանավակայան է ուղարկվում ԵՄ սահմանապահ Frontex գործակալության ևս 50 աշխատակից։

«Կարծում եմ, որ ամենուր աստիճանական բարելավումներ են տեղի ունենում»,- հայտարարել է ԵՄ ներկայացուցիչներից մեկը։

Նոր համակարգը մշակվում էր ութ տարի և ստեղծվել էր սահմանային հսկողության այն թերությունները վերացնելու համար, որոնք ի հայտ էին եկել 2015 և 2016 թվականներին Բրյուսելում և Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո։

Դրա գործարկումը բազմիցս հետաձգվել է, նախքան համակարգը անցյալ տարվա հոկտեմբերին կսկսեր իր աշխատանքը։ Միևնույն ժամանակ, անդամ պետություններին թույլատրվել էր ժամանակավորապես չկիրառել այն, քանի դեռ թեստավորվում էին տեխնոլոգիաները և մատնահետքերի գրանցման գործընթացի կազմակերպումը։

EES կանոններով՝ օդանավակայաններն ու ծովային նավահանգիստները կարող են ժամանակավորապես կասեցնել համակարգի աշխատանքը, եթե հերթերը դառնում են անվերահսկելի, սակայն այդ հնարավորության գործողությունը պետք է դադարի սեպտեմբերին։

Այս պահին ԵՄ ոչ մի երկիր չի խնդրել երկարաձգել նման կասեցումը սեպտեմբերից հետո, թեև հենց դրան է ձգտում զբոսաշրջության ոլորտը։

Ընդ որում, Եվրամիությունը պնդում է, որ համակարգն արդեն իսկ ցույց է տալիս այն արդյունքները, որոնց համար ստեղծվել է։ Գործարկման պահից ի վեր այն արձանագրել է 110 միլիոն ուղևորություն դեպի Շենգենյան գոտի և հակառակ ուղղությամբ, իսկ մոտ 44 հազար 500 մարդու մուտքը մերժվել է։

Նրանց թվում եղել են մարդիկ, որոնք փորձել են ապօրինի կերպով կրկին մուտք գործել ԵՄ՝ թույլատրելի կեցության ժամկետը գերազանցելուց հետո, ինչպես նաև ճանապարհորդներ, որոնք օգտագործել են երկրորդ անձնագիր կամ կեղծ փաստաթղթեր։

Նախկինում, օրինակ, երկքաղաքացիություն ունեցող անձը կարող էր գերազանցել 180-օրյա ժամանակահատվածում 90 օր գտնվելու սահմանաչափը՝ օգտագործելով երկրորդ անձնագիրը։ Այժմ համակարգը մատնահետքերի և դեմքի ճանաչման օգնությամբ կարող է բացահայտել նման խախտողներին։

ԵՄ տվյալներով՝ մուտքի մերժման գլխավոր պատճառն է դարձել այցի կամ կեցության նպատակի պատշաճ հիմնավորման բացակայությունը։ Երկրորդ ամենամեծ խումբն է կազմել մոտ 9000 մարդ, որոնք գերազանցել են թույլատրելի կեցության ժամկետը։

Ավելի քան 1000 մարդու չի թույլատրվել անցնել սահմանը այն պատճառով, որ համարվել է սպառնալիք ներքին անվտանգության համար, իսկ մոտ 300 մարդ փորձել է օգտագործել կեղծ անձնագրեր կամ այլ կեղծված փաստաթղթեր։

Ֆրանսիական տեխնոլոգիաների հետ կապված խնդիրները դարձել են Eurotunnel գծում համակարգի ամբողջական ներդրման ուշացման պատճառներից մեկը։ Ընկերությունը մոտ 80 միլիոն ֆունտ ստերլինգ է ներդրել ենթակառուցվածքների մեջ, որոնք դեռևս չեն գործում ամբողջ ծավալով։

Ըստ ծրագրի՝ ֆրանսիացի սահմանապահները պետք է օգտագործեին պլանշետներ վարորդների և ուղևորների մատնահետքերն ու դեմքի պատկերները ստուգելու համար, սակայն այդ համակարգը դեռևս գործարկված չէ։

Frontex-ի մշակած բջջային հավելվածը, որը ուղևորներին հնարավորություն է տալիս նախապես ներբեռնելու տվյալների մի մասը դեռևս մինչև ուղևորությունը, ամբողջությամբ աշխատում է միայն Շվեդիայում և մասնակիորեն՝ Պորտուգալիայում։

  • Կիսվել: