հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԵՄ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինա իրենց արկերի ամբողջ պաշարներն ուղարկելու հարցը

ԵՄ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Ուկրաինա իրենց արկերի ամբողջ պաշարներն ուղարկելու հարցը

ԵՄ-ի 27 երկրների պաշտպանության նախարարները՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգի եւ ուկրաինացի գործընկերների մասնակցությամբ, երեքշաբթի Ստոկհոլմում բացվող երկօրյա ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ քննարկելու են Ուկրաինա միության պետություններում մնացած արկերի պաշարներն Ուկրաինա ուղարկելու հարցը։ Խոսքը վերաբերելու է նաեւ ԵՄ-ի երկրներում սովորական սպառազինությունների հիմնական տեսակների արտադրությունն ընդլայնելուն։

Հանդիպման ծրագրի համաձայն, որի մասին տեղեկացրել է ԵՄ-ում Շվեդիայի ներկայացուցչությունը, պաշտպանության նախարարները սկզբում քննարկելու են Ուկրաինային ցուցաբերվելիք ռազմական աջակցությունը, հատկապես ուկրաինացի զինվորականների մարզումը ԵՄ-ի առաքելության կողմից, որը պետք է պատրաստի 30 հազար մարդ։ Պաշտպանության նախարարները նաեւ պետք է պայմանավորվեն Կիեւի համար հրետանային զինամթերքների համատեղ գնման ֆինանսավորման մասին։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն նաեւ ընթացիկ գործերը, այդ թվում ԵՄ-ի ռազմական գործողությունները։

Հանդիպումն սկսվելու է ուշ երեկոյան՝ դռնփակ աշխատանքային ընթրիքով, չորեքշաբթի տեղի է ունենալու հիմնական աշխատանքային նստաշրջանը։ Ուկրաինական կողմը ներկայացնելու է պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Ինչպես մարտի 3-ին տեղեկացրել էր բելգիական Le Soir թերթը, պաշտպանության նախարարները պետք է քննարկեն ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության պատրաստած պլանը միության պետությունների պահեստներից 155 միլիմետր տրամաչափի բոլոր հրետանային արկերը շտապ Ուկրաինա ուղարկելու եւ եվրոպական ռազմարդյունաբերական համալիրի համար բազմամիլիարդանոց ռազմական պատվերների շտապ ձեւավորման հարցը։ Թերթի տեղեկացմամբ, պլանն այնուհետեւ պետք է հաստատվի Բրյուսելում, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպման ժամանակ, իսկ դրա մեկնարկը տրվելու է մարտի 23-24-ին ԵՄ-ի գագաթաժողովում։

  • Կիսվել: