Չնայած իր այցի չեղարկմանը՝ Շվեդիայի պաշտպանության նախարարն ակնկալում է շարունակել երկխոսությունը Թուրքիայի հետ
Շվեդիայի պաշտպանության նախարար Պոլ Յոնսոնն իր թվիթերյան էջում հայտնել է, որ ակնկալում է, որ Թուրքիայի հետ անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ երկխոսությունը կշարունակվի այն բանից հետո, երբ Անկարան չեղարկել է նրա այցը երկիր։
՛՛Երեկ ես հանդիպեցի իմ թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ Գերմանիայի Ռամշտեյն քաղաքում գտնվող ամերիկյան ռազմաբազայում՛՛,-նշել է Յոնսոնը։
ըստ նրա՝ Թուրքիայի հետ հարաբերությունները շատ կարեւոր են Շվեդիայի համար, որն ՛՛անհամբեր սպասում է՛՛ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում նրա հետ երկխոսության շարունակմանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել Թուրքիան կողմից Յոնսոնի՝ հունվարի 27-ին նշանակված այցը չեղարկելու մասին. թուրքական կառավարությունն այն անվանել էր անիմաստ։ Այցը չեղարկելու որոշումը թուրքական իշխանությունները կայացրել են այն ժամանակ, երբ Ստոկհոլմում հանրահավաքների ֆոնին՝ մեկ շաբաթ առաջ ցուցարարները քաղաքապետարանի մոտ հրապարակում կախել էին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը, իսկ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն ասել էր, որ Շվեդիայի իշխանությունները գործում են ինչպես ՛՛ժամանակակից բարբարոսներ՛՛՝ թույլ տալով, որ Ստոկհոլմում Թուրքիայի դեսպանատան մոտ Ղուրանի պատճենն այրելու ակցիա անցկացվի։
Նշենք, որ թուրք-շվեդական բանակցությունների ընթացքում պետք է քննարկվեր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը։