Չինաստանը, Իրանն ու ԿԺԴՀ-ն մեր դաշնակիցներն են, որոնց հետ մեծ մասամբ կիսում ենք աշխարհակարգի հիմքերի վերաբերյալ նույն տեսլականը. Պեսկով
Ռուսաստանը Չինաստանին, Իրանին և ԿԺԴՀ-ին համարում է իր դաշնակիցները և այդ պետությունների հետ նույն տեսակետն ունի աշխարհակարգի հիմքերի վերաբերյալ։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է Գազետա.ռու-ն:
Լրագրողները խնդրել են Պեսկովին բացատրել, թե ինչ դեր են խաղում Պեկինը, Թեհրանը և Փհենյանն այն իրավիճակում, երբ Ռուսաստանը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով, պատմության մեջ առաջին անգամ մենակ է Արևմուտքի երկրների դեմ դիմակայության մեջ:
Պեսկովն ի պատասխան նշել է. «Նրանք մեր դաշնակիցներն են, մեր գործընկերները՝ երկրներ, որոնց հետ մենք մեծ մասամբ կիսում ենք աշխարհակարգի հիմքերի վերաբերյալ նույն տեսլականը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ «պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքի դեմ պայքարում, նա հույսը դնում է միայն իր վրա»։
«Նշանակությունների տարածք» XI համառուսաստանյան երիտասարդական կրթական ֆորումում նա, մասնավորապես, նշել էր. «Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը միայնակ է կռվում ամբողջ Արևմուտքի դեմ։ Առաջին համաշխարհային պատերազմում, Երկրորդ համաշխարհային պատերազմում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար, պետք է հույսներս դնենք ինքներս մեզ վրա։ Չի կարելի թույլ տալ որևէ թուլություն կամ անգործություն»:
Ըստ Լավրովի՝ Ռուսաստանը պնդում է իր օրինական պահանջները՝ անվտանգության ապահովում, ՆԱՏՕ-ի չընդլայնում, Ուկրաինայի ռուսալեզու բնակչության պաշտպանություն։
«Հատուկ ռազմական գործողություն սկսելուն այլընտրանք չկար։ Տարածքները չէ, որ մեզ համար կարևոր են... Մենք ունենք աշխարհի ամենամեծ երկիրը։ Մեզ համար կարևոր է, որ դարեր շարունակ այնտեղ ապրած, ռուսական մշակույթի, ռուսերեն լեզվի, ռուսական կրթության կրող, նույն մշակույթում իրենց երեխաներին դաստիարակելու ցանկություն ունեցող մարդիկ չոչնչացվեն, նրանց իրավունքները պաշտպանված լինեն։ Սա բացարձակապես օրինական պահանջ է։ Եվ, իհարկե, մեր սահմանադրությունում ամրագրված իրողությունների ճանաչումը բացարձակապես անվիճելի պահանջ է», - ընդգծել էր նա:


