Չենք գնա բանակցելու, եթե ՌԴ-ն ծրագրում է իր ուլտիմատումները հայտարարել. Ուկրաինայի ԱԳՆ
Ուկրաինան պատրաստ չէ կյանքի կոչել Կրեմլի ուլտիմատումները: Այս մասին առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, տեղեկացնում է ՛՛Ուկրինֆորմ՛՛-ը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ուկրաինան վերլուծում է Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքներն ու ձևավորում է իր դիրքորոշումը հաջորդ ռաունդի համար, սակայն պատրաստ չէ կյանքի կոչել Կրեմլի ուլտիմատումները՛՛:
Կուլեբան հայտնել է, որ Ուկրաինայի նախագահն ամբողջությամբ, մինչև վերջին դետալը տեղեկացված է երեկ տեղի ունեցած բանակցություններից: ՛՛Մենք կհստակեցնենք մեր դիրքորոշումը և այդ ժամանակ արդեն անհրաժեշտության դեպքում կպատրաստվենք նոր հանդիպման՛՛,-ասել է նա:
Ուկրաինական կողմը, նրա խոսքով, կարծում է, որ նման հանդիպումը պետք է տեղի ունենա, քանի որ Ուկրաինան հավատում է դիվանագիտությանը և պատրաստ է ռազմական հակամարտության դիվանագիտական կարգավորմանը:
՛՛Սակայն ոչ մի պարագայում մենք չենք գնա բանակցելու, եթե ՌԴ-ն ծրագրում է դրա ընթացքում իր ուլտիմատումները հայտարարել: Բանակցությունները բանակցություններ են, և մենք խոսելու ենք ու փնտրել լուծումներ: Սակայն մենք չենք պատրաստվում իրականացնել ռուսական ուլտիմատումները՛՛,-ասել է Կուլեբան: