շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ալիևը վավերացրել է Վրաստանին երկարաժամկետ գազ մատակարարելու համաձայնագիրը

Ալիևը վավերացրել է Վրաստանին երկարաժամկետ գազ մատակարարելու համաձայնագիրը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով վավերացրել է Վրաստան բնական գազ մատակարարելու մասին միջկառավարական համաձայնագիրը։ Փաստաթուղթը հրապարակվել է Ալիևի պաշտոնական կայքում։

Ըստ հրամանագրի՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործմամբ զբաղվելու է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը։ Իսկ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարվել է վրացական կողմին տեղեկացնել, որ երկիրն ավարտել է փաստաթղթի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներպետական ընթացակարգերը։

«Նովոստի-Գրուզիա»-ի հաղորդմամբ՝ համաձայնագիրը ստորագրվել էր մայիսի 18-ին Բաքվում՝ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայությամբ։ Այս փաստաթուղթն ընդգրկված է երկու երկրների միջև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ստորագրված երկկողմ համաձայնությունների փաթեթում։

Համաձայնագրի ամբողջական տեքստը պաշտոնապես չի հրապարակվում։ Այդուհանդերձ, Վրաստանի իշխանություններն ավելի վաղ հայտնել էին, որ փաստաթղթով ևս 20 տարով երկարաձգվում է ադրբեջանական բնական գազի մատակարարման՝ դեռևս 2003 թվականից գործող պայմանագիրը, ինչպես նաև երաշխավորվում է վրացի սպառողների կայուն գազամատակարարումը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այս համաձայնագիրն անվանել է երկրի էներգետիկ անվտանգության կարևորագույն տարր։ Խորհրդարանում տարեկան հաշվետվությամբ հանդես գալիս նա հայտարարել է, որ Բաքվի հետ բանակցությունների շնորհիվ հաջողվել է ձեռք բերել ձեռնտու պայմաններով տարեկան ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման երաշխիքներ։

«Մենք գազամատակարարման հարցով չափազանց կարևոր բանակցություններ ենք վարել մեր բարեկամ երկրի՝ Ադրբեջանի հետ։ Արդյունքում՝ ստացել ենք ձեռնտու գնով ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման երաշխիք», — ասել է Կոբախիձեն։

Ադրբեջանը Վրաստանի բնական գազի հիմնական մատակարարն է և ապահովում է երկրի գազի ներկրման ավելի քան 90 տոկոսը։ Մնացած մասը հիմնականում ներկրվում է Ռուսաստանից։

Համաձայնագրով նախատեսված տարեկան ավելի քան 2 միլիարդ խորանարդ մետր գազի ծավալը ծածկում է Վրաստանի պահանջարկի մեծ մասը, որտեղ տարեկան սպառումը կազմում է ավելի քան 3 միլիարդ խորանարդ մետր։

Գազային համաձայնագրից բացի, Բաքուն ու Թբիլիսին պայմանավորվել են համագործակցել նաև էլեկտրաէներգետիկայի ոլորտում, ինչը ներառում է դեպի Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումը և երկրի տարածքով դրա տարանցումը։ Բացի այդ, կողմերը վերահաստատել են ադրբեջանական գազի հավելյալ ծավալները միջազգային շուկաներ տարանցելու պայմանավորվածությունների երկարաձգումը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի արդիականացման աշխատանքների ավարտը։

  • Կիսվել: