Դասարաններում 40 աստիճանից բարձր ջերմություն և ուշագնացություններ. բրիտանական դպրոցները չեն դիմանում արտակարգ շոգին
Մեծ Բրիտանիայում արտակարգ շոգը լուրջ խնդիրներ է առաջացրել դպրոցների համար. որոշ դասասենյակներում ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանից, իսկ ուսուցիչներն ու աշակերտները բախվել են գերտաքացման, գլխացավերի և ինքնազգացողության վատացման խնդրին, գրում է «The Guardian»-ը։
Մանկավարժները պատմել են, որ ամենաշոգ օրերին դասապրոցեսը փաստացի կանգ է առել։ Որոշ աշակերտներ ու աշխատակիցներ ուշագնաց են եղել, և ուսուցիչները ստիպված են եղել երեխաներին զովացնելու տարբեր միջոցներ գտնել՝ թաց սրբիչներից ու ջրի հավելյալ պաշարներից մինչև ժամանակավոր լուծումներ, ինչպիսիք են օդափոխիչներն ու պատուհանների մթնեցումը։
Ուսուցիչներից մեկը դասարանում տիրող իրավիճակը նկարագրել է որպես գոյատևման պայքար շոգի պայմաններում.
«Բոլորը՝ քրտնած, հոգնած, գլխացավից ու սրտխառնոցից բողոքելով, պառկած կամ նստած էին հատակին՝ ջրի շշերով։ Մեծահասակները հազիվ էին դիմանում, իսկ երեխաները լաց լինելով ծնողներին էին կանչում։ Ոչ մի դաս էլ չի եղել. մենք պարզապես փորձում էինք ողջ ու առողջ գոյատևել մինչև օրվա վերջ»,- պատմել է նա։
Մեծ Բրիտանիայի շատ դպրոցներ պատրաստ չեն եղել եղանակային նման արտակարգ պայմաններին։ Շենքերում հաճախ բացակայում են օդորակման համակարգերը, ստվերոտ տարածքները քիչ են, իսկ ապակեպատ մեծ մակերեսներն ու բետոնապատ կամ ասֆալտապատ խաղահրապարակներն էլ ավելի են ուժգնացնում տապը։
Կառավարության կլիմայական հարցերով խորհրդատուներն ավելի վաղ հայտարարել էին, որ բրիտանական դպրոցական ենթակառուցվածքները պետք է հարմարեցվեն եղանակային նոր պայմաններին։ Նրանց գնահատմամբ՝ առաջիկա 25 տարվա ընթացքում բոլոր դպրոցներում պետք է տեղադրվեն հովացման համակարգեր։
Շոգի պատճառով Անգլիայում և Ուելսում արտակարգ ժամանակահատվածի պիկին ավելի քան 1000 դպրոց ամբողջությամբ կամ մասնակիորեն փակվել է։ Մեծ Բրիտանիայի կրթության նախարարության տվյալներով՝ դասերից բացակայությունների ցուցանիշը 2025–2026 ուսումնական տարում դարձել է ամենաբարձրը։
Փորձագետները նախագուշակում են, որ արտակարգ շոգն ազդում է ոչ միայն դպրոցների, այլև տնտեսության վրա. ծնողները ստիպված են լինում ազատ օրեր վերցնել՝ երեխաներին խնամելու համար, ինչն էլ իր հերթին լրացուցիչ բեռ է դառնում տեղական համայնքների համար։
Ուսուցիչների արհմիությունների ներկայացուցիչները կառավարությանը կոչ են անում մշակել միասնական ռազմավարություն՝ դպրոցները կլիմայական փոփոխությունների հետևանքներից պաշտպանելու համար՝ ընդգծելով, որ խնդրի լուծումը չպետք է թողնել միայն առանձին ուսումնական հաստատությունների հույսին։
Մեծ Բրիտանիայում, ինչպես և Արևմտյան Եվրոպայի այլ երկրներում, օդի ջերմաստիճանի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում։ Գիտնականները անոմալ շոգի հաճախակիացումը կապում են ընթացիկ կլիմայական փոփոխությունների հետ։



