շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը

Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը

Բանկիր և գործարար Վասիլի Տոֆանը, որը բնակվում է Ուկրաինայում, կարող է դառնալ Մոլդովայի նոր վարչապետը։

«Գործողության և համերաշխության կուսակցության» անդամների հետ խորհրդակցելուց հետո ես ստորագրել եմ հրամանագիր, որով Վասիլի Տոֆանին առաջադրել եմ վարչապետի թեկնածու»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

Նրա խոսքով՝ նոր կառավարությունը պետք է կենտրոնանա տնտեսական զարգացման, ներդրումների ներգրավման, ինչպես նաև արդարադատության համակարգը կոռուպցիայից «մաքրելու» վրա։

Օրենքի համաձայն՝ վարչապետի թեկնածուն պետք է իր թիմն ու ծրագիրը  խորհրդարանին ներկայացնի 15 օրվա ընթացքում։ Նա կհաստատվի, եթե ստանա 101 պատգամավորներից առնվազն 51-ի աջակցությունը։ Իշխող կուսակցությունը խորհրդարանում ունի 63 մանդատ։

Հուլիսի 3-ին հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտեանուն։ «Այսօր իմ վարչապետական ​​ժամկետն ավարտվում է։ Ես որպես վարչապետ ծառայելու պատասխանատվությունը ստանձնել եմ պարտքի խորը զգացումով և հաստատակամ վստահությամբ, որ կարող եմ օգնել դրական փոփոխություններ կատարել։ Այն պահին, երբ հասկացա, որ այլևս չեմ կարող իրականացնել իմ մանդատն իմ սկզբունքներին և համոզմունքներին համապատասխան, որոշեցի հրաժարական տալ», - X-ի իր միկրոբլոգում գրել էր նա։

 

  • Կիսվել: