Ներսում շատ վտանգավոր վիճակ է, լողավազանները միացված են, դրանց ջեռուցումը միացված է. «Մուլտի Վելնես»-ի գլխավոր տնօրեն
«Մուլտի Վելնես» համալիրի դիմաց աշխատակիցներն ու մարզվողները բողոքի ակցիա են իրականացնում` ի աջակցություն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի։ Հավաքվածները հայտարարում են, որ պետությունը խախտում է աշխատողների և մարզվողների իրավունքները։
«Մարդիկ հարկադիր պարապուրդի են մատնվել։ Մեր սեփականատեր Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ աշխատատեղեր է ստեղծում, իսկ պետությունը հարկադրաբար մարդկանց զրկում է աշխատանքից։ Մեր աշխատանքային թիմում կային նաև Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, որոնց մեծամասնությունը վարձով է ապրում. հիմա նրանք օրվա հացի խնդիր ունեն։ Մարդիկ կան, որ ունեն վարկեր, սակայն ոչ մեկը դրա մասին չի մտածում»,– ասաց աշխատակիցը։
«Մուլտի Վելնես» համալիրի գլխավոր տնօրեն Արման Փիրոյանը հավելեց, որ օրեցօր խնդիրները կուտակվում են։ Նրա խոսքով` ներսում սարքավորումները միացված են և մնացել են հսկողությունից դուրս։
«Միջնորդություն եմ ներկայացրել քննչական մարմնին և սպասում եմ պատասխանի, քանի որ հրատապ լուծում է հարկավոր։ Այս պահին բոլոր մուտքերը կապարակնքված են, ես կամ որևէ այլ աշխատակից դեռ չենք հարցաքննվել։ Մեզ մոտ համալիր ստուգումը սկսել էին, և ամեն ինչ նորմալ գնում էր։ Մեզանից ինչ փաստաթղթեր ուզել են, ամբողջը ներկայացրել ենք։ Տարել են համակարգիչներ, սերվերներ, նաև իմ անձնական հեռախոսը։ Գույքը տանելուց 2 օր անց հայտարարում են, թե հարկեր է թաքցվել, սակայն այդքան օրում նրանք չէին կարող ստուգել»,– նշեց Փիրոյանը։
Տնօրենի խոսքով` իրենք 150 աշխատակից ունեն և 4000 հաճախախորդ։ Իրենք իրավապահներին առաջարկում են պատճենել առգրավված սերվերների տվյալները և վերադարձնել , որ իրենք շարունակեն աշխատել։ Հավաքվածները շեշտեցին, որ քաղաքական գործընթացների արդյունքում չպետք է տուժեն շարքային քաղաքացիները, նրանք նաև նշեցին, որ չեն հավատում Ծառուկյանին առաջադրված մեղադրանքներին։
Ընկերության վաճառքի բաժնի ղեկավարն էլ իշխանություններին հիշեցրեց, որ «Մուլտի Վելնես»-ում մարդիկ միայն չեն մարզվում, այն նաև մարզաառողջարարական կենտրոն է։
«Մեր հաճախորդների կեսից ավելին առողջական խնդիրներ ունեցող մարդիկ են։ Ունենք աուտիզմով և մի շարք ֆիզիկական խնդիրներով երեխաներ, որոնց համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է այս ակումբը։ Մենք չգիտենք` ինչ պատասխանենք հաճախորդներին ու այդ երեխաների ծնողներին»,– նշեց նա։
Աշխատակիցները շեշտեցին` իրենք այստեղ չեն հավաքվել խնդրանքով, այլ եկել են պահանջով, քանի որ 150–ից ավելի աշխատակիցներ արդեն 6 օր է՝ գործազուրկ են։ Նրանք պահանջում են բացել «Մուլտի Վելնես»–ն ու իրենց աշխատանքի հնարավորություն տալ։
Մարզվողներն էլ հայտարարեցին, որ քաղաքական գործընթացները չպետք է խախտեն իրենց իրավունքները։
Նշենք, որ այսօր միաժամանակ բողոքի ակցիա են իրականացնում Գագիկ Ծառույանին պատկանող «Եուրոմոթորս» ընկերության և «Օլիմպավան» ուսումնամարզական համալիրի աշխատակիցներն ու հաճախորդները։



