Ուկրաինան հարվածել է «Ռոսկոսմոս»-ի գործարանին
Ուկրաինայի պաշտպանության ուժերը Պենզայի մարզում խոցել են թևավոր ու բալիստիկ հրթիռների համար սենսորներ, ավիացիոն համակարգերի բաղադրիչներ և տիեզերական հետախուզական արբանյակների համար սարքավորումներ արտադրող ձեռնարկություն: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը:
Ուկրաինական կողմն այդ օբյեկտն անվանել է «տիեզերական, ավիացիոն և ռազմական սարքաշինության ոլորտում առաջատար ռուսական ձեռնարկություն», որը «Ռուսական տիեզերական համակարգեր» հոլդինգի մաս է կազմում, իսկ դա էլ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի բաղկացուցիչ մասն է: Վնասի չափերը ճշտվում են, հավելել են Ուկրաինայի զինված ուժերում։
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոցված ձեռնարկությունն անվանել է ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ռազմավարական օբյեկտ, որը զբաղվում է հրթիռային զենքի բաղադրիչների մշակմամբ ու արտադրությամբ, «որոնք ռուսներն օգտագործում են ուկրաինական քաղաքներին և համայնքներին հարվածելու համար»: Զելենսկին նաև նշել է, որ թիրախի հեռավորությունը ճակատային գծից մոտ 600 կմ էր:
Տեղական իշխանությունները հաստատել են հարձակման փաստը. զոհեր և վիրավորներ չկան։



