Ցանկացած քայլի, որն ուղղված է Իրանը և նրա հարակից շրջաններն անապահով դարձնելուն, կհաջորդի վճռական պատասխան. ԻՀՊԿ-ի գեներալը՝ Ադրբեջանին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ ԻՀՊԿ-ի գեներալ Ալիրզա Թանհոյն Ադրբեջանին զգուշացրել է՝ Իրանի դեմ ուղղված ցանկացած քայլ վճռական պատասխան կստանա: Այս մասին Թանհոյը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված միջոցառմանն իր ելույթի ժամանակ, տեղեկացնում է ISNA-ն:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ադրբեջանի Հանրապետությունը չպետք է կրկնի Ուկրաինայի և Սադամի (1979-2003 թվականներին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյն-խմբ․) սխալները և իմանա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ որպես տարածաշրջանում հզոր երկիր, երբեք թույլ չի տա, որ իր սահմանները վտանգի ենթարկվեն՛՛։
Բացի այդ՝ Թանհոյը նաև ընդգծել է՝ ցանկացած քայլի, որն ուղղված է Իրանը և նրա հարակից շրջաններն անապահով դարձնելուն, կհաջորդի վճռական պատասխան Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կողմից:


