երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
«C-400-ից հրաժարվելը չափազանց խնդրահարույց կլինի»․ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է C-400-ի 2-րդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ ՌԴ-ի հետ բանակցելու մասին

«C-400-ից հրաժարվելը չափազանց խնդրահարույց կլինի»․ Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է C-400-ի 2-րդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ ՌԴ-ի հետ բանակցելու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարայի համար «չափազանց խնդրահարույց» կլինի ռուսական C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից հրաժարվելը, սակայն հույս է հայտնել, որ այդ հարցի շուրջ Միացյալ Նահանգների հետ անհամաձայնությունը կարող է լուծվել երկխոսության միջոցով, այս մասին հայտնել են  հայկական ԶԼՄ-ները` հղում անելով Reuters-ին։

Աքարը նաև հաստատել է, որ Թուրքիան C-400 պաշտպանական համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում։

«Չափազանց խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել, որպեսզի հետ գնանք այն կետը, որից մենք սկսել ենք։ Մենք Միացյալ Նահանգներին կոչ ենք անում հեռու մնալ սպառնալից ձևակերպումներից, ինչպիսիք են՝ պատժամիջոցները»,- Անկարայում լրագրողներին հայտարարել է Աքարը։

Նրա խոսքով՝ «իրենք ցանկանում են խնդիրները լուծել երկխոսության միջոցով»։

«Եթե ամերիկյան կողմը լուծում է ցանկանում, ապա լուծումը կարող է գտնվել տեխնիկական մակարդակով աշխատանքի միջոցով»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի նորագույն C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որենք ճգնաժամ են առաջացրել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում, սկսվել են 2019-ի հուլիսի կեսերին:

Մասնավորապես, պաշտոնապես Վաշինգտոնը պահանջել է հրաժարվել գործարքից և փոխարենը գնել ամերիկյան Patriot համակարգերը` սպառնալով հետաձգել կամ նույնիսկ չեղարկել վերջին «Ֆ-35» կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաև պատժամիջոցներ կիրառել՝ ըստ «Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության» մասին օրենքի:

Պաշտոնական Անկարան հրաժարվել էր կատարել ԱՄՆ պահանջը և շարունակել է բանակցություններ վարել լրացուցիչ խմբաքանակի շուրջ:

  • Կիսվել: