կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բողոքի ակցիաները Վրաստանում աստիճանաբար կմարեն, 2020-ին ընտրությունները կկայանան գործող ընտրակարգով․ վրացագետ

Բողոքի ակցիաները Վրաստանում աստիճանաբար կմարեն, 2020-ին ընտրությունները կկայանան գործող ընտրակարգով․ վրացագետ

 Բողոքի ակցիաները Վրաստանում աստիճանաբար կմարեն, քանի որ իշխանությունների համար հարցը փակված է. 2020-ին ընտրությունները կկայանան գործող ընտրական կարգով՝ խառը, իսկ 2024-ին կներդրվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ: Նման կարծիք PrimeNews-ի հետ զրույցում հայտնեց վրացագետ Ջոնի Մելիքյանը։

«Ի վերջո պետք է հասկանալ, որ մեծամասնական համակարգը իշխող թիմին ընտրվելու լայն հնարավորություններ է տալիս: Այս ամենի արդյունքում մի կողմից իրենք իրենց դիրքերը թուլացրին՝ տապալելով ընտրական բարեփոխումները, մյուս կողմից փորձ է արվում հին համակարգով ընտրությունների արդյունքում պահպանել իշխանությունը գալիք տարվա ընտրություններում ու նոր միայն նախապատրաստվել փոփոխություններին 2024 թվականի ընտրությունների համար»-, ասաց Մելիքյանը:

Նա նշեց, որ Վրաստանում այժմ քաղաքական ճգնաժամ է՝ իշխանությունը բավարար կամք չցուցաբերեց ընտրական բարեփոխումներն անցկացնելու համար, ինչի արդյունքում քաղաքական ընդդիմությունը մայրաքաղաքում բողոքի ակցիաներ է անցկացնում: Բացի այդ, նրա խոսքով, իշխող թիմին լքել են որոշ անդամներ։ «Այս օրերի ընթացքում ընդդիմությունը փորձում է ոչ բռնի ցույցեր կազմակերպել և խոչընդոտել օրենսդիր մարմնի աշխատանքը, ինչի արդյունքում մի քանի անգամ արդեն կիրառվել է հատուկ տեխնիկա՝ ջրցան մեքենաներ, որ ցուցարարներից ազատեն խորհրդարանի վարչական շենքի մուտքերի ու ելքերի հատվածները: Պետք է ասել, որ այսպիսով փորձ է արվում ճնշման միջոցով հասնել ընդդիմության պահանջների իրականացմանը», - նշեց նա։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, վրացագետի խոսքով, նրանց դրսից ոգևորում ու աջակցում է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Ավելին, նա հայտարարությամբ հիշեցրել է 2003 թվականի նոյեմբերյան վարդերի հեղափոխությունը և այս օրերին Վրաստանում կատարվող իրադարձությունների մեջ սիմվոլիզմ նկատել: Վրաստանում կրքերը չեն հանդարտվում. նոյեմբերի 14-ից մեկնարկած հակաիշխանական բողոքի ակցիաները շարունակվում են, ոստիկանները ջրցան մեքենաների կիրառմամբ ցրում են դրանք:

Նոյեմբերի 14-ին Վրաստանի խորհրդարանը, չնայած իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլու խոստմանը, չընդունեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրինագիծը` ձայների 101 «կողմ» և 3 «դեմ» հարաբերակցությամբ: Դրանից հետո ընդդիմության միակ պահանջն է՝ համամասնական ընտրակարգով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել

  • Կիսվել: