երկուշաբթի, մայիս 27
27 / 5 / 2024
Աշխարհի մեծ մասը չի ցանկանում ապրել որևէ մեկի թելադրանքով. Սերգեյ Լավրովի հոդվածը

Աշխարհի մեծ մասը չի ցանկանում ապրել որևէ մեկի թելադրանքով. Սերգեյ Լավրովի հոդվածը

Աշխարհի մեծ մասը չի ցանկանում ապրել ինչ-որ մեկի թելադրանքով. ուզում է գոյություն ունենալ հավասար պայմաններում օբյեկտիվորեն ձևավորվող բազմաբևեռ ճարտարապետության շրջանակներում։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հոդվածում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։
 
Լավրովն ընդգծել է, որ ավելի ու ավելի մեծ թվով պետություններ ենձգտում ամրապնդել ինքնիշխանությունը և պաշտպանել ազգային շահերը, ավանդույթները, մշակույթն ու ապրելակերպը: Նրանք ցանկանում են բարեկամներ լինել և շահավետ առևտուր անել ինչպես միմյանց, այնպես էլ մնացած աշխարհի հետ։ Նման տրամադրվածությունը գերակշռում էր ԲՐԻԿՍ-ի, G20-ի և Արևելաասիական գագաթնաժողովի վերջին հանդիպումների ժամանակ։
 
«Համաշխարհային մեծամասնությունը, որը ներկայացնում է երկրի բնակչության 85 տոկոսը, հանդես է գալիս գլոբալ բարիքների առավել արդարացի բաշխման և քաղաքակրթական բազմազանության հանդեպ հարգանքի, միջազգային կյանքի հետևողական ժողովրդավարացման օգտին»,-նշվում է հոդվածում:
 
Նախարարի կարծիքով` միայն ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթում ամրագրված միջազգային իրավունքի նորմերի պահպանման դեպքում է, որ մարդկությունը հնարավորություն կունենա հաղթահարել միաբևեռ դարաշրջանի կործանարար ժառանգությունը:
 
Նա հիշեցրել է, որ միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամի պատասխանատվությունն ընկնում է արևմտյան փոքրամասնության վրա, որն ագրեսիվ, նեղ շահադիտական գիծ է վարում:
 
«Գլոբալ հակամարտության ռիսկերն աճում են։ Միևնույն ժամանակ, ստեղծված իրավիճակից ելք կա։ Սկզբի համար բոլորը պետք է գիտակցեն պատասխանատվությունն աշխարհի ճակատագրի համար պատմական համատեքստում, այլ ոչ թե մոտակա ազգային ընտրություններում կոնյուկտուրային էլեկտորալ դասավորությունների տեսանկյունից։ <…> Թե որքանով են բոլորը պատրաստ գիտակցել իրենց և հավաքական պատասխանատվությունն աշխարհի ճակատագրի համար, ցույց կտա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ հաջորդ տարի կայանալիք «Ապագայի գագաթնաժողովի» նախապատրաստությունը», -նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի ամբիոնից կոչ էր արել թույլ չտալ, որ մարդկությունը գլորվի դեպի մեծ պատերազմ:
 
Լավրովի խոսքով՝ ՄԱԿ-ի բարեփոխման ջանքերը, որոնք պետք է ուղղված լինեն միջազգային իրավունքի գերակայության հաստատմանը, պետք է ներգրավեն նոր տիպի միավորումների ներուժը, որոնք կարտացոլեն Գլոբալ հարավի շահերը:

  • Կիսվել: