երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության շրջանակներում առաջին անգամ կտրամադրի Patriot զենիթհրթիռային համալիրներ

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության շրջանակներում առաջին անգամ կտրամադրի Patriot զենիթհրթիռային համալիրներ

Միացյալ Նահանգները 1,8 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային, որն առաջին անգամ կներառի Patriot զենիթահրթիռային համալիրներ: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։ Փաթեթը, որի մասին կհայտարարվի այսօր ավելի ուշ, կներառի գրեթե 1 միլիարդ դոլարի զենքեր Պենտագոնի պահեստներից, իսկ 800 միլիոն դոլարը կհատկացվի ֆինանսական օգնության տեսքով։

Ըստ գործակալության՝ այս փաթեթը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն ընդլայնում է ժամանակակից այնպիսի սպառազինության տրամադրումը, որը կուժեղացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ռուսական հրթիռային հարվածներից։ Պաշտոնատար անձանց խոսքով՝ ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային կտրամադրի Patriot զենիթահրթիռային համալիրներ։

Օգնության փաթեթը կներառի նաև Joint Direct Attack զինամթերքի հավաքածուներ, հրթիռներ HIMARS համակարգի համար, հազարավոր հրետանային և ականանետային արկեր, բեռնատարներ և HARM օդ-երկիր դասի հրթիռներ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային ժամանակակից օդ-երկիր դասի հրթիռային համակարգերի մատակարարումը կդիտվի որպես սադրիչ քայլ, և որ Patriot համալիրը և այն ուղեկցող անձնակազմերը կհամարվեն ռուսական զորքերի համար օրինական թիրախ։

Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ երբ Patriot-ը կհասնի Ուկրաինայի առաջնագիծ, քանի որ ուկրաինացի զինվորականները պետք է ուսուցում անցնեն զենիթահրթիռային համալիրներն օգտագործելու համար։ Ուսուցումը կարող է տևել մի քանի շաբաթ և, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Գերմանիայի «Գրաֆենվուր» զորավարժարանում։ Ըստ գործակալության՝ մինչ այժմ ԱՄՆ-ի և արևմտյան երկրների կողմից ուկրաինական ուժերի ուսուցումը տեղի է ունեցել եվրոպական երկրներում։

  • Կիսվել: