չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ամերիկացի փորձագետի համոզմամբ՝ Սաակաշվիլիին թունավորել են տարբեր տեսակի ծանր մետաղներով

Ամերիկացի փորձագետի համոզմամբ՝ Սաակաշվիլիին թունավորել են տարբեր տեսակի ծանր մետաղներով

Ամերիկացի թունաբան Դեյվիդ Սմիթը կարծիք է հայտնել, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թունավորել են ծանր մետաղներով, և կոչ է արել նրան ազատ արձակել ու տալ արտերկրում բուժվելու հնարավորություն:

Այդ մասին ամերիկացի փորձագետն ասել է Թբիլիսիի քաղաքային դատարանում Սաակաշվիլիի ազատազրկման հետաձգման հարցով ընթացող դատական նիստի մասնակիցներին, որոնց ԱՄՆ-ից տեսակապով է դիմել:

«Ենթադրում եմ, որ Սաակաշվիլիին թունավորել են տարբեր տեսակի ծանր մետաղներով, ինչը ծայրաստիճան բացասական ազդեցություն է գործել նրա ամբողջ օրգանիզմի վրա: Թունավորման արդյունքում վնասվել է գլխուղեղը և ի հայտ են ծերունախտի նշաններ», - ասել է Սմիթը, նշելով, որ գլխուղեղից զատ վնաս է հասցվել նաև լյարդին ու սրտին:

Ամերիկացի մասնագետի կարծիքով, թունավորումները կարող էին տեղի ունենալ բանտում:

«Բուժառու Սաակաշվիլին ծայրահեղ ծանր վիճակում է, այն կարող է հանգեցնել ոչ միայն հաշմանդամության, այլև մահվան: Նրան անհրաժեշտ է փոխադրել այնպիսի հիվանդանոց, որտեղ հնարավոր է օրգանիզմի ամբողջական դետոքսիկացիա անցկացնել: Վրաստանում նմանօրինակ կլինիկաներ չկան, իսկ Միացյալ Նահանգներում կան», - ասել է Սմիթը:

Սաակաշվիլիի փաստաբանների պահանջով դատարանում իրենց կարծիքները կհայտնեն ավելի քան 20 մասնագետներ:

Սաակաշվիլին անցյալ տարվա սեպտեմբերի 29-ին՝ տեղական ընտրություների նախօրեին է ժամանել Վրաստան: Նա հոկտեմբերի 1-ին ձերբակալվել է Թբիլիսիում և փոխադրվել Ռուսթավիի բանտ, որտեղ հացադուլ է հայտարարել:

Նոյեմբերի 8-ին նրան փոխադրել են Թբիլիսիի բանտի հիվանդանոց, ապա՝ Գորիի զինվորական հիվանդանոց:

Այս տարվա մայիսի 22-ից նա գտնվում է Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր հիվանդանոցում:

Սաակաշվիլիին Վրաստանում ներկայացրել են մեղադրանքներ տարբեր հոդվածներով, որոնցից մեկը պաշտոնեական լիազորությունների չարաշահումն է: Նա հերքում է բոլոր մեղադրանքները և դատական գործերը քաղաքական հետապնդում է անվանում:

Սաակաշվիլիի աջակիցները Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին կոչ են անում ներում շնորհել նախկին նախագահին: Զուրաբիշվիլին երեկ հրաժարվել է մեկնաբանել այդ հարցը, ասելով, թե «վերջնական որոշումը կընդունվի այն ժամանակ, երբ կընդունվի»:

  • Կիսվել: