չորեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2025
Կուսակցությունը չի կարող ղեկավարվել իմ նամակներով. Սաակաշվիլի

Կուսակցությունը չի կարող ղեկավարվել իմ նամակներով. Սաակաշվիլի

Վրաստանի ազատազրկված երրորդ նախագահը, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության առաջնորդն է, նամակ է հրապարակել կուսակցության ներսում գործընթացներ վարելու նոր ուղիների անհրաժեշտության մասին, գրում է aliq.ge-ն:

Սաակաշվիլին նշել է, թե «մարդիկ պետք է զգան, որ ՄԱՇ-ն իրենց կուսակցությունն է, իրենց քաղաքական տունը, որտեղ իրենք են տերը»: Ըստ ազատազրկված երրորդ նախագահի՝ կուսակցությունը չի կարող ղեկավարվել իր նամակներով կամ նեղ, նույնիսկ շատ տաղանդավոր խմբի կայացրած որոշումներով:

Սաակաշվիլիի անունից հրապարակված ֆեյսբուքյան գրառման մեջ, որտեղ խոսվում է նաև որոշումների կայացման գործընթացում վերջինիս դերի մասին, նշված է. «Որոշումները կկայացվեն մեր ընտրողների, կուսակցության ղեկավարության և ինձ հետ խորհրդակցելով՝ հավասարիրավության սկզբունքով»:

Նրա խոսքով, անհրաժեշտ է վերանայել կուսակցության գործառույթը և վերածել դիմադրության շարժման. «Հիմա, երբ ընտրություններն այլևս չեն անցկացվում, և ռեպրեսիաներն ավելի են տարածվում, քաղաքական կուսակցությունների դերն ամբողջությամբ փոխվում է»։

Սաակաշվիլին ՄԱՇ-ի նախագահ Թինա Բոկուչավային և անդամներին (Լևան Խաբեիշվիլի, Գիորգի Բարամիձե, Իրակլի Պավլենիշվիլի և Լևան Սանիկիձե) խնդրել է կուսակցությունում որոշումների կայացման «էլեկտրոնային հավելված ստեղծել, առաջարկներ ներկայայացնել և այդ բարեփոխումը ձևակերպել՝ ներառելով կուսակցության կանոնադրության մեջ»։

ՄԱՇ-ի կառավարությանը 13 տարի առաջ` 2012 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում փոխարինեց «Վրացական երազանք»-ը: Սաակաշվիլիի նախագահական ժամկետի ավարտից հետո վրացական դատարանները նրան մեղավոր ճանաչեցին Սանդրո Գիրգվլիանիի և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի նկատմամբ ծեծի համար։

Նա Վրաստան է վերադարձել 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններից մի քանի օր առաջ, իսկ ընտրությունների նախորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ոստիկանությունը ձերբակալել է նրան։ Նրա դեմ երրորդ դատավճիռը («բաճկոնների գործը») կայացվել է 2025 թվականի մարտի 12-ին։

Մինչ այժմ կայացված դատավճիռներով, ընդհանուր առմամբ, նա պետք է կրի 12,5 տարվա ազատազրկում։ Դատարանը ներկայումս նրա դեմ երկու գործ է քննում (նոյեմբերի 7-ը և սահմանի ապօրինի հատումը):

  • Կիսվել: