ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանը շարունակում է խախտել ստանձնած պարտավորությունները. «Մաաթ» հիմնադրամի ղեկավար

Ադրբեջանը շարունակում է խախտել ստանձնած պարտավորությունները. «Մաաթ» հիմնադրամի ղեկավար

«Մաաթ» հիմնադրամի ղեկավար Այման Աքիլն արձանագրում է, որ պատերազմի ավարտից մինչ օրս հայ ռազմագերիներին չվերադարձնելով, Ադրբեջանը շարունակում է խախտել մարդու իրավունքները և ստանձնած պարտավորությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Աքիլը նշեց, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները զուգակցվել են նաև Թուրքիայի կողմից այդ երկրին օժանդակությամբ:
 
«Մենք կոչով դիմել ենք Ադրբեջանին` գերիներին, ռազմագերիներին հետ վերադարձնելու համար, սակայն Ադրբեջանը մինչ օրս շարունակում է խախտել մարդու իրավունքների հիմնարար ազատությունները, այդ թվում` այն համաձայնագիրը, որը ձեռք է բերվել պատերազմի դադարեցման ժամանակ: Ուզում եմ նշել, որ, երբ հանդես եկանք այդ կոչով, Կահիրեում Ադրբեջանի դեսպանատնից մեզ հետ կապ հաստատեցին՝ ասելով, որ չունեն հայ ռազմագերիներ, բայց մենք պատասխանեցինք, որ ռազմագերիները կան, և դուք շարունակում եք խախտել մարդու իրավունքները»,- ասաց Աքիլը:
 
«Մաաթ» հիմնադրամի ղեկավարի խոսքով` տարածաշրջանում խաղաղության մասին հնարավոր է խոսել միայն այն դեպքում, երբ Թուրքիան կդադարեցնի աջակցել Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը կդադարեցնի խախտել մարդու իրավունքները:
 
Անդրադառնալով այն հարցին, որ Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց Թուրքիան մնում է անպատիժ, արդյո՞ք դա չէ պատճառը, որ ցեղասպանություններ են տեղի ունենում նաև 21-րդ դարում, Այման Աքիլը նշեց, որ ունենք այն, ինչ ունենք, և դրա պատճառն այն է, որ միջազգային հանրությունը մինչ այժմ լռում է:
 
«Մեզ համար կարևոր առաքելություն է հանդիսանում այն, որ կարողանանք գործի դնել միջազգային բոլոր լծակները` ՄԱԿ-ին, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` նմանատիպ դրսևորումները կանխելու համար: Մենք հանդես ենք եկել զեկույցով և ընդգծում այն խախտումները, որոնք արվել են Թուրքիայի կողմից, մասնավորապես` զինամթերքի, վարձկանների և այլ ռեսուրսների տրամադրումն ադրբեջանական կողմին: Եւ ցանկանում եմ նշել, որ մենք հանդես գալով նմանատիպ ուղերձով, մեջբերեցինք հետևյալը, որ մինչ օրս Թուրքիան ֆիլմեր նկարահանելիս և հրապարակումներ անելիս, բերում է «ղազի Օսման» անվանումը, որը նշանակում է հարձակում գործող: Սա վկայում է այն մասին, որ թուրքերը պատմության ընթացքում միշտ փորձել են գրավել և զավթել տարածքներ արյան գնով, դա այժմ կարող ենք տեսնել Լիբիայի, Ադրբեջանի օրինակներով և այլն»,- նշեց «Մաաթ» հիմնադրամի ղեկավարը:
 
Ապրիլի 8-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հայտարարել էր, որ գերիների վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

  • Կիսվել: