Վերին Լարսի մաքսային անցակետը արգելեց հայկական պանրի մուտքը ՌԴ
«Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվեց Հայաստան. Այս մասին հայտնում են «Սպայկա» ընկերությունից:
05.11.2019 թվականին, ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և հետ են ուղարկելու բեռը Հայաստան, քանի որ ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն՝ պանրի ծագման երկիրը նշվել է՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա:
Ընկերությունը՝ սկսած առաջին օրվանից, ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի և ՌԴ Հյուսիսային Օսեթիայի մաքսային ծառայության ղեկավարությանը նամակներ, ծանուցումներ, լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր, տեսագրություններ, ԶԼՄ-ների կողմից ընկերության պանրի գործարանի բացման մասին վիդեոռեպորտաժներ է ուղարկել հավաստելու համար, որ պանիրն արտադրված է Հայաստանում:
Ծագած խնդրի մասին առաջին իսկ օրվանից տեղեկացվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, որն աշխատում է խնդրին համակարգային լուծում տալու ուղղությամբ: Խնդրի մասին նամակ է ուղարկվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵԱՏՄ):