երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Տեղի է ունեցել Եվրոպական Միություն-Հայաստանի Հանրապետություն ռեադմիսիոն հարցերի համատեղ կոմիտեի նիստ

Տեղի է ունեցել Եվրոպական Միություն-Հայաստանի Հանրապետություն ռեադմիսիոն հարցերի համատեղ կոմիտեի նիստ

Եվրոպական Միություն-Հայաստանի Հանրապետություն ռեադմիսիոն հարցերի համատեղ կոմիտեի 8-րդ նիստը տեղի ունեցավ այսօր։ Հայաստանյան կողմից ներգրավված էին Միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման բաժնի, Արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։ Եվրոպական կողմի հետ քննարկումը կազմակերպվեց տեսակապով։

Կոմիտեի համանախագահ, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը բարձր գնահատեց ռեադմիսիայի ոլորտում համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ, ինչպես նաև ԵՄ օժանդակությունը Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում նախատեսված ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրին, այդ թվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ «Մեզ համար իսկապես կարևոր է փորձագիտական, տեխնիկական, ֆինանսական աջակցությունը, որ ստանում ենք ԵՄ-ից, քանի որ բարեփոխումների համատեքստում մենք շարժվում ենք գործընթացների թվայնացման ճանապարհով»,-ասաց նա՝ ներկայացնելով 2022 թ-ի հունվարի մեկից գործարկված workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակը՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար, ինչպես նաև ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի արդյունավետ շահագործումը 2019 թ-ից ի վեր։

Կոմիտեի համանախագահ, Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի տնօրինության անկանոն միգրացիայի և վերադարձի բաժնի ղեկավարի տեղակալ Մաուրո Գալիարդին իր հերթին բարձր գնահատեց ռեադմիսիայի ոլորտում համագործակցության շրջանակում Հայաստանի կատարողականը և կառուցողականությունը։ «Այժմ մենք աշխատում ենք ոչ ԵՄ անդամ երկրների հետ ռեադմիսիոն համագործակցության վերաբերյալ երրորդ գնահատման զեկույցի ուղղությամբ։ Նախորդ զեկույցներում, Հայաստանի ցուցանիշները բավականին տպավորիչ են եղել»,-նշեց նա։

  • Կիսվել: