հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեղի է ունեցել ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը

Տեղի է ունեցել ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը

Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի է ունեցել ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: 

Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը տեղական ինքնակառավարման օրվան նվիրված իր ուղերձում ասել է, որ այսօր տեղական իշխանություններն ունեն պատասխանատվության մեծ ծավալ, բայց դրանց իրականացման համար` անհամապատասխան չնչին ռեսուրսներ։ Բնակիչների վճարած հարկերի 90%-ից ավելին տնօրինում է կենտրոնական իշխանությունը, և միայն մոտ 8%-ն է մնում համայնքներին։

 «Առանց ռեսուրսների և լիազորությունների՝ տեղական իշխանությունները չեն կարող իրականացնել իրենց առաքելությունը՝ ապահովել որակյալ ծառայություններ ու ստեղծել մարդու կյանքի որակյալ միջավայր»,- ուղերձում ասել է Էմին Երիցյանը։

Մրցանակաբաշխության ընթացքում հայտնի են դարձել 4 հիմնական և 5 հատուկ անվանակարգերում հաղթող ճանաչված համայնքները:

«Լավագույն համայնք 2019» անվանակարգում սահմանվել է երկու մրցանակ՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային համայնքի համար: Տարվա լավագույն համայնքներն են Գորիսն ու Ակունքը:

«Բարեկարգ համայնք 2019» անվանակարգում հաղթող է ճանաչվել երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Տարվա բարեկարգ համայնքներն են Տաշիր և Տեղ համայնքները:

«Մաքուր համայնք 2019» անվանակարգում հաղթող է ճանաչվել Թալին համայնքը:

«Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող է ճանաչվել երկու համայնք՝ մեկ գյուղական և մեկ քաղաքային: Մրցանակակիր համայնքներն են Կապանն ու Ախուրյանը:

«Տարվա նորարար և խելացի համայնք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էջմիածին համայնքը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» բոլոր համայնքների համար անվանակարգում հաղթող է ճանաչվել Վանաձորը:

«Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում հաղթող են ճանաչվել Սիսիան և Լոռի Բերդ համայնքները:

«Տարվա գործարար կառույց» անվանակարգում հաղթող է ճանաչվել Սևան համայնքը:

«Տարվա նախաձեռնություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել Սայաթ Նովա համայնքը:

 

  • Կիսվել: