ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունն առաջարկում է օրենքով նախատեսված տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելու համար գործող տուգանքի չափն ավելացնել

Կառավարությունն առաջարկում է օրենքով նախատեսված տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելու համար գործող տուգանքի չափն ավելացնել

Կառավարությունն առաջարկում է օրենքով նախատեսված տեղեկություններն ապօրինաբար չտրամադրելու համար գործող տուգանքի չափն ավելացնել:

Սահմանված նվազագույն աշխատավարձի 10-ապատիկից մինչև 50-ապատիկի չափով տուգանքը նախատեսվում է դարձնել 30-ապատիկից 70-ապատիկի չափով, իսկ նույն խախտումը վարչական տույժ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով տուգանքը դարձնել 100-ից մինչև 150-ապատիկի չափով:

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի ներկայացմամբ՝ «Givemeinfo.am» կայքում տեղադրված հարցումների և դրանց պատասխանների վիճակագրության համաձայն՝ 2019 թ. առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 3 տոկոսին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9 տոկոսի դեպքում պատասխանները թերի են եղել, այսինքն՝ հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3 տոկոսի դեպքում ստացվել է անհիմն պատասխան: «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված գործերի ուսումնասիրության համաձայն՝ օրենսգրքի 189.7-րդ հոդվածի խախտման հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված հայցադիմումները մեծ թիվ չեն կազմում:

Ըստ փոխնախարարի՝ 10-50 հազար դրամ տուգանքը բավարար չափով չի շահագրգռում քաղաքացիներին, իրավաբանական անձանց՝ հայց հարուցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց դեմ՝ օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար:

Երանուհի Թումանյանցի խոսքով՝ տեղեկատվությունը չստացած անձն իրավախախտին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայց ներկայացնելու նպատակահարմարությունը որոշելիս գիտակցում է, որ ավելի շատ ֆինանսական միջոցներ է վատնելու, քան հայցի բավարարման դեպքում իրավախախտում կատարած անձի նկատմամբ տուգանքի չափը և հաճախ չի օգտվում նման եղանակով հայց ներկայացնելու իր իրավունքից:

  • Կիսվել: