հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Կրետեում մոլեգնող հրդեհների հետևանքով զանգվածային տարհանումներ են սկսվել

Կրետեում մոլեգնող հրդեհների հետևանքով զանգվածային տարհանումներ են սկսվել

Հարյուրավոր մարդիկ են տարհանվել Կրետե կղզում վերահսկողությունից դուրս եկած հրդեհների հետևանքով։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Կրակը, որն ուժեղ քամիների հետևանքով արագ տարածում է ստանում, բռնկվել է հուլիսի 2-ին՝ Իերապետրայից ոչ հեռու գտնվող անտառածածկ հատվածում։ Կրակի արագ տարածվող ալիքները սպառնալիք են դարձել ինչպես տների, այնպես էլ զբոսաշրջային կենտրոնների ու առանցքային ենթակառուցվածքների, այդ թվում և բենզալցակայանի համար։

Տարածվող ծուխը որոշ հատվածներում տեսանելիության մակարդակը հասցրել է զրոյի։

Քանի որ կրակը սկսել է մոտենալ Ֆերմա բնակավայրին, տեղի իշխանությունները կարգադրել են զանգվածային տարհանումներ իրականացնել ինչպես տներից, այնպես էլ հյուրանոցներից։ Այս պահի դրությամբ տարհանվել է շուրջ 1500 մարդ։ 

Որպես նախազգուշական միջոցառում՝ Կրետեի բոլոր հիվանդանոցները հատուկ պատրաստության մակարդակի են բերվել։ 

 

  • Կիսվել: