հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Կոչ եմ անում մեր ընդդմությանն այդքան խորը չմտնեն Սամվել Կարապետյանի քսակի մեջ, լծվել եք նրա ունեցվածքի պաշտպանությանը. Հայկ Կոնջորյան

Կոչ եմ անում մեր ընդդմությանն այդքան խորը չմտնեն Սամվել Կարապետյանի քսակի մեջ, լծվել եք նրա ունեցվածքի պաշտպանությանը. Հայկ Կոնջորյան

Նորից ուզում եմ կոչ անել ՀԷՑ-ի այն աշխատակիցներին, որոնք այս օրերին զբաղված են այնտեղ քաղաքական գործունեությամբ, քաղաքական խարդավանքներով, շատ շուտով ազատվելու են աշխատանքից, երկրորդ՝ այն աշխատակիցները, այն անձինք, որոնք ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպում են մասնակցել տարատեսակ հավաքների, ՀՀ օրենսդրության համաձայն, ընդհուպ ենթարկվելու են քրեական պատասխանատվության: Եվ այն աշխատակիցները, որոնք չեն տրվելու այդ ճնշումներին, նրանք անմիջապես վերականգնվելու են իրենց աշխատանքին և նրանց չվճարված, բաց թողնված աշխատավարձերը վճարվելու են: Այս մասին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

«Սա ուզում եմ այս ամբիոնից հերթական անգամ կրկնել, որպեսզի կոնկրետ մարդիկ ականջներին օղ անեն»,- ընդգծեց Կոնջորյանը:

Նա կոչ արեց ընդդիմությանը «այդքան խորը չմտնել Սամվել Կարապետյանի քսակի մեջ, որովհետև դա որևէ հետևանքի չի հանգեցնելու»: 

«ՀՀ տերը Հայաստանի ժողովուրդն է, այդ թվում՝ պետական ռեսուրսների, և քաղաքական գործունեություն իրականացնող ուժերի քաղաքական տերը ևս ՀՀ ժողովուրդն է: Դուք ի՞նչ տիրոջ եք ծառայում, երբ քանի օր արդեն զբաղված եք կոնկրետ մարդկանց, կոնկրետ շրջանակների, Հայաստանից դուրս կապիտալ կուտակած շրջանակների քաղաքական շահերի պաշտպանությամբ:

Ապօրինի գույքի ու թալանի իրական շահառուները եկել են, մեզ մեղադրում են ունեցվածք խլելու մեջ: Կրկնում եմ՝ սա ՀԷՑ-ը խլելու մասին չէ, սա ՀԷՑ-ը իրենց տերերին՝ Հայաստանի ժողովրդին վերադարձնելու մասին է»,- ընդգծեց Կոնջորյանը:

Արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը նրան մեղադրեց «սրբապիղծ տեռորիստների կողքը կանգնելու համար»:
 
Եզրափակելով խոսքը՝ Կոնջորյանը գործընկերներին առաջարկեց քննարկել նաև ՀԷՑ-ի գործունեության հետ կապված՝ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը:
 
«Այդ քննիչ հանձնաժողովում մենք կփորձենք բազմաթիվ հարցերի պատասխան տալ՝ սկսած ՀԷՑ-ի մասնավորեցումից, որը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք, մինչև մնացած բոլոր հարցերը»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ ՔՊ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին: 

 

Հիշեցնենք՝ խորհրդարանը քննարկում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

  • Կիսվել: