ՀՀ ինքնիշխանության դեմ հիբրիդային հարձակումներում ներդրում ունեն սփյուռքի ներկայացուցիչները. Արսեն Թորոսյան
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը գրել է. «Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ ուղղված այս հիբրիդային հարձակումներում իրենց ներդրումն ունեն նաև մեր հայրենակիցները, ովքեր ապրում են արտերկրում, հատկապես ավանդական Սփյուռքի ներկայացուցիչները։
Դրա համար երկու պատճառ կարող է լինել։ Առաջինը տեղեկատվության սղությունն է և իրավիճակը ճիշտ գնահատելու անհնարինությունը, քանի որ, օբյեկտիվորեն, հեռու լինելով՝ շատ բաներ ինքդ չես զգում։ Սա ես ինքս էլ եմ զգացել, օրինակ, երբ նույնիսկ մեկ ամսով բացակայել եմ երկրից։ Այստեղ մենք բոլորս անելիք ունենք՝ հնարավորինս մանրամասն և անխոնջ բացատրելու իրավիճակը։
Երկրորդ պատճառը, սակայն, այդքան էլ ընդունելի չէ, երբ մեր սփյուռքահայ հայրենակիցները գիտակցաբար մասնակցում են այդ հարձակումներին՝ առանց մեծապես անհանգստանալու, թե ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ։ Մեր այդպիսի հայրենակիցների համար Հայաստանի Հանրապետությունը կարծես միայն միջոց է՝ սպասարկելու իրենց ավելի «վեհ» գաղափարներն ու հայրենասիրական «էգոն» կամ պահպանելու Սփյուռքում իրենց դիրքերը։ Ավելին, հաճախ, կարծում եմ, որ եթե Հայաստանի Հանրապետությունն ընդհանրապես գոյություն չունենար, դա նրանց, գուցե, ավելի ձեռնտու լիներ, քանի որ ավելի մեծ ջանասիրությամբ կարող էին «փրկել» չեղած հայրենիքը։
Հայաստանի Հանրապետությունը՝ մեր միակ միջազգայնորեն ճանաչված պետությունը, միջոց կամ մանրադրամ չէ ավելի մեծ իղձերի իրագործման համար։ Այն նպատակ է ամբողջ հայ ժողովրդի համար, որը կայացել է՝ ունենալու պետականություն և ինքնուրույն որոշելու սեփական ճակատագիրը։ Հիմա, պետականաշինության այս դժվարին և երկար ճանապարհին, մեր հայրենակիցները, որոնք ապրում են տարբեր երկրներում, պետք է մի հարց տան և ազնվորեն պատասխանեն գոնե ինրենք իրենց. արդյո՞ք իրենց համար կարևոր է Հայաստանի Հանրապետությունը՝ մեր պետականությունը, թե՞ ավելի կարևոր են այն երկրները, որտեղ նրանք ապրում են։ Ի դեպ, կարող է երկրորդն էլ լինել, և դրանում որևէ մեղադրանք չկա, բայց հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու՞ պարզապես չեք թողնում, որ նրանք, ում համար ամենակարևորը հենց Հայաստանի Հանրապետությունն է, թեկուզ դժվարությամբ և դանդաղ, բայց ամրապնդեն նրա ինքնիշխանությունը և զարգացնեն այն։
Ինչու՞»։