շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սիգի որսը Սևանում կթույլատրվի. այն ավելի թանկ կլինի. նախարար

Սիգի որսը Սևանում կթույլատրվի. այն ավելի թանկ կլինի. նախարար

Չկա, որհէ հիմք և մեխանիզմ սիգի որսի կանոնակարգման ձգձգման համար։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նա ասաց. «Մենք պետք է չթողնենք մանրաձուկը բռնեն, ձվադրման ժամանակ որս կատարեն։ Մյուս ժամանակահատվածում պետք է կանոնակարգված ձևով որս կատարվի»:

Նախարարը հույս հայտնեց, որ այս տարի ամբողջությամբ կընդունվի փաթեթը, և դրական փոփոխությունները կունենանք։

Գրիգորյանը հայտնեց, որ սիգի հետ կապված հարցերն խրոնիկ են, կան քրեական գործերով անցնողներ, դրանց թվում նաև տեսուչներ, որոնք տարբեր հարաբերությունների մեջ էին մտել ձկնագողերի հետ։

Նա, մասնավորապես, ասաց. «Բայց ես ավելի ռազմավարական լուծման մասին խոսեմ։ Մշակվել է օրենսդրական փաթեթը, որով կանոնակարգվել է, թե ինչպես պետք է լինի ձկնորսությունը։ Հիմա հրամանը կմշակվի և մենք օրինական ձկան որս ենք թույլ տալու։ Դրան զուգահեռ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են իրականացվում, որպեսզի ձուկ վաճառելու սանկցիան կիրառվի։ Բնօգտագործման վճարի օբյեկտ հանդիսացող ամեն ինչը պետք է փաստաթղթավորված լինի՝ անկախ նրանից, թե դա սիգ է, ծառ, թե քար» ։

Նախարարի խոսքով՝ եթե առաջիկայում տեսնենք, որ վաճառվում է սիգ, ապա այն կլինի օրինական որսված, բնօգտագործման վճարը վճարած ձկնորսի կողմից որսված ձուկ։ Այն, ըստ նրա, ավելի թանկ կլինի, քանի որ բնական էկոհամակարգում, բնական կերով սնված ձուկը չի կարող արհեստական բուծված ձկից էժան լինել։

  • Կիսվել: