երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շահումով խաղերի ոլորտն աճել է 7 տոկոսով. փոխնախարարը դանդաղում է նկատում

Շահումով խաղերի ոլորտն աճել է 7 տոկոսով. փոխնախարարը դանդաղում է նկատում

Հայաստանում շահումով խաղերի ոլորտում թեև աճ է նկատվում, սակայն դրա մասնաբաժինը ծառայությունների ոլորտում այլևս մեծ չէ:

Այս մասին ասաց Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում:

«Վիճակագրության տեսանկյունից միտումը դանդաղում է: Հիշեցնեմ, թե ոլորտն ինչ աստիճանի մեծ աճ էր ունենում: Օրինակ՝ 2016 թվականին ՀՆԱ-ն ընդամենը 0.2 տոկոսով աճել էր, իրականում, եթե շահումով խաղերի ոլորտի աճը չլիներ, մենք ռեցեսիայի մեջ էինք փաստացի լինելու: Այսինքն՝ ոլորտի աճը մյուս ոլորտների նկատմամբ տարիներով շատ բարձր է եղել: Այս ամիսներին ընդհանուր ծառայությունների ոլորտն աճել է 14 տոկոսով, իսկ շահումով խաղերի ոլորտը՝ 7 տոկոսով: Չնայած նրան, որ աճը կա, սակայն այլևս այն աճը չէ, որ ծառայությունները քարշակող ոլորտը լինի»,-ասաց փոխնախարարը:

Օրինակ՝ կացության ծառայություններն աճել են 30 տոկոսով, տեղեկատվական ծառայությունները՝ 51 տոկոսով, տրանսպորտը՝ 30 տոկոսով և այլն:

Ավանեսյանը հավելեց՝ կարելի է առնվազն փաստել, որ այլ ծառայությունների համեմատ շահումով խաղերի ոլորտն այլևս ամենաարագ աճող ոլորտներից մեկը չէ:

Սակայն ոլորտն աճի մակարդակով ամենավերջինը չէ: Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտն ավելի դանդաղ է աճել, քան շահումով խաղերի ոլորտը:

«Տնտեսական արագընթաց աճի ժամանակ մի քիչ տարօրինակ կլիներ, որ սա, որը զվարճության ոլորտի մաս է հանդիսանում, աճ չունենար: Ավելին՝ համաշխարհային թրենդը շարունակում է միջինում 10 տոկոս աճել, հիմա աճը 10-15 տոկոս է»,-ասաց նա:

Թեև ոչինչ բացառել հնարավոր չէ, մինչև տարեվերջ ցուցանիշը կարող է փոխվել, ոլորտը կարող է անսպասելի  աճ ունենալ, բայց պետությունը նկատում է, որ միտումը սկսում է դանդաղել:

Ավանեսյանն ասաց, որ Ֆինանսների նախարարության քաղաքականությունն է փորձել ոլորտը պահել թափանցիկ, օրենսդրական կանոնների շրջանակներում, նվազեցնել դրա սոցիալական վնասները, այլ ոչ թե փորձեն ընդհանրապես արգելել:

«Միակ ձևը, որ խաղամոլները չխաղան՝ արգելելն է: Բայց դա էլ ուրիշ բանի է բերում: Արգելանքը բերում է նրան, որ նրանք գնում ու սկսում են կրիմինալ մարդկանց մոտ խաղալ: Սև շուկա է ձևավորվում…»,-ասաց Ավանեսյանը:

Պետությունը  փորձում է կարգավորումները խստացնել, բայց ոչ այնքան, որ մարդիկ գնան, մտնեն «սև շուկա» կամ, օրինակ, օտարերկրյա կայքերում սկսեն խաղալ, որոնք ՀՀ-ում լիցենզավորված չեն:

 

  • Կիսվել: