շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պայքար խաղամոլության դեմ. կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույքներ կատարելը

Պայքար խաղամոլության դեմ. կարգելվի կանխիկ եղանակով խաղադրույքներ կատարելը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կանխիկ եղանակով խաղադրույքների իրականացումն արգելել:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց օրենքի համահեղինակներից  Գևորգ Պապոյանը:

Նա շեշտեց՝ իշխանության համար շատ կարևոր խնդիր է խաղամոլության դեմ պայքարը, և իրենք տարբեր գործիքներ են կիրառելու, որպեսզի պայքարեն խաղամոլության դեմ: «Այս օրենսդրական նախաձեռնությունը հերթական քայլերից մեկն է խաղամոլության դեմ պայքարի շրջանակներում: Օրենքն ուժի մեջ մտնելուց 10 օր հետո Հայաստանում հնարավոր չի լինելու իրականացնել կանխիկով խաղադրույք: Բացի այդ, 6 ամիս հետո հնարավոր չի լինելու խաղադրույք կատարել այն վճարային սարքերի միջոցով, որոնք կան փողոցներում»,-ասաց Պապոյանը:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ խաղադրույքների մեծ մասը հենց այդ սարքերի միջոցով է տեղի ունենում: Հնարավորություն է լինելու խաղադրույք իրականացնել միայն բանկային հաշիվներից բանկային քարտերի միջոցով: «Այսինքն՝ մենք անցնում ենք 100-տոկոսանոց անկանխիկ խաղադրույքի քաղաքականության»,- նշեց պատգամավորը:

Սա խաղամոլության դեմ պայքարի քաղաքականության շրջանակում հերթական քայլն է: Պատգամավորը վստահեցրեց, որ ապագայում ևս իրականացնելու են այլ գործողություններ, որոնք միտված են լինելու այդ պայքարին: «Այս եղանակով ոչ միայն սահմանափակում ենք մարդկանց խաղալու հնարավորությունները, այլ նաև սա մեզ հնարավորություն կտա որոշակի պատկեր տեսնել, թե իրականում ինչպիսի շրջանառություն կա ոլորտում»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ հիմա մտածում են որոշակի քաղաքականություն մշակելու ուղղությամբ՝ որոշակի սահմանափակումներ կիրառել տարբեր իրավիճակներում խաղալու հնարավորությունների հետ կապված:

Պատգամավորը նկատեց, որ սա լավ հնարավորություն կլինի՝ ապագայում ավելի ճիշտ հարկման համակարգի գնալու: Այս ոլորտում հարկերը բազմապատիկ անգամ ավելի քիչ են: «Կարծում ենք, որ այս ոլորտում հարկերն ավելացնելու լավ հնարավորություն կա»,- ասաց նա:

  • Կիսվել: