Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերությունն առավել քան երբևէ ամուր է. ԱՄՆ դեսպանությունը տոնում է Ամերիկայի Անկախության օրը
Հուլիսի 2-ին ԱՄՆ Անկախության 249-րդ տարեդարձի առիթով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հյուրընկալել էր հայաստանյան գործընկերներին ու բարեկամներին։ Այս տարի տոնակատարությունը նվիրված էր Ամերիկայի գլխավոր կամ մայր ճանապարհ համարվող «66-րդ ավտոմայրուղուն», որը ձգվում էր Չիկագոյից (Իլինոյս) մինչև Սանտա Մոնիկա (Կալիֆորնիա) և խորհրդանշում ազատությունը, հնարավորություններն ու ամերիկյան երազանքը:
Միջոցառմանը ներկայացված էին «66-րդ ավտոմայրուղու» թեմատիկ դեկորացիաներ և ամերիկյան մշակույթի տարրեր, այդ թվում՝ ժամանակակից ճանապարհային խորհրդանիշ տիեզերական կովբոյ Բաք Ատոմը։
Դիմելով ներկաներին՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը և պատվավոր հյուր՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդգծեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ամուր և կայուն գործընկերությունը։ «Հայաստանի և Միացյալ Նահանգների գործընկերությունն առավել քան երբևէ ամուր է։ Ես անհամբերությամբ սպասում եմ այն նոր ձեռքբերումներին, որ կունենան մեր երկու երկրները մեր ժողովուրդների համար կայուն ու բարեկեցիկ ապագա կերտելու ջանքերի արդյունքում։ Մեր ամուր բարեկամության, մեր ընդհանուր նպատակների ու ընդլայնվող տնտեսական կապերի շնորհիվ նոր ձեքբերումների ճանապարհին չկա որևէ սահմանափակում», - ասաց դեսպան Քրիստինա Քվինը։