շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Սևանա լիճ է բաց թողնվել 18700 հատ ամառային իշխանի մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել 18700 հատ ամառային իշխանի մանրաձուկ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը Գեղարքունիքի մարզի Բերկունք համայնքում մասնակցել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված շուրջ 18700 հատ ամառային իշխանի մանրաձկան հերթական խմբաքանակի՝ Սևանա լճում տեղակայված ցանցավանդակային տնտեսության հարակից տարածքում բացթողնման աշխատանքներին։

Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության և այլ կենսական կարևորության խնդիրները սրությամբ են դրված և պահանջում են ջանքեր ու անհապաղ միջամտություն՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։ Այս համատեքստում Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը իրականացնում է Կառավարության հաստատած «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը:
 
Մանրաձկան բացթողնումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։
 
Ա․ Մազմանյանը շեշտել է, որ առկա իրավիճակում մենք իրավունք չունենք թուլացնել թիկունքը․ մեր բոլոր ջանքերը պետք է մեկտեղվեն ի նպաստ մեր պետության հզորացման ու զարգացման և հաղթանակների բոլոր ճակատներում։ Նա ևս մեկ անգամ կարևորել է պատշաճ վերահսկողության անհրաժեշտությունը։ Բացթողնված մանրաձուկը որևէ պարագայում չպետք է հայտնվի որսագողերի ցանցերում։ «Սևան» ազգային պարկի» պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնելու։

 

 

  • Կիսվել: