շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է. Զոհրաբ Մնացականյան

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է. Զոհրաբ Մնացականյան

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկերն է, ընդ որում՝ երկկողմ առևտրաշրջանառությունը աճող դինամիկա ունի։ Այս մասին այսօր Երևանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարի խոսքով՝  նախորդ տարվա համեմատ երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է մոտ 10 տոկոսով։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով, օրակարգում մեծապես կարևորում են Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանուր հարթակների՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակներում: «Մեզ համար առանցքային է ԵԱՏՄ շուկայի հետագա ազատականացումը, ԵԱՏՄ միջազգային կապերի ընդլայնումը Սինգապուրի, Սերբիայի, Իրանի, Չինաստանի և այլ երկրների հետ՝ նոր որակի համագործակցության միջոցով»,- ընդգծեց ՀՀ ԱԳ նախարարը։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ այդ հարաբերություններն այնքան խորը և բազմաբովանդակ են, որ հաճախ մեկ բառով բնութագրելը դժվար է անգամ իրենց համար. «Մեր դաշնակցային հարաբերությունները խարսխված են դարերի խորքից եկող՝ մեր ժողովուրդների բարեկամության և եղբայրության վրա, որոնք ամրապնդվել են համատեղ հաղթանակներով, փոխադարձ վստահությամբ և մշակութային ընդհանուր ժառանգությամբ»:

Արտաքին գերատեսչության ղեկավարը նաև հայտնեց, որ Լավրովի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի տարբեր հարցերի։ Մնացականյանը նշեց, որ շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԳ նախարարին Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին աջակցության համար, ինչպես նաև բարձր է գնահատել Ռուսաստանի՝ համանախագահ այլ երկրների հետ միջնորդական առաքելությունը ԼՂ խնդրի կարգավորման հարցում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: