կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Ոչ մեկս գոհ չենք այն տեղից, որտեղ գտնվում ենք». Քերոբյանը` Գլոբալ ինովացիոն ինդեքսի մասին

«Ոչ մեկս գոհ չենք այն տեղից, որտեղ գտնվում ենք». Քերոբյանը` Գլոբալ ինովացիոն ինդեքսի մասին

Գլոբալ ինովացիոն ինդեքսով ՀՀ–ն հասել է պատմական մինիմումի` 72–րդ տեղում ենք։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Համեմատության համար Խաչատրյանը տեղեկացրեց, որ Մոնղոլիան 71–րդ տեղում է։
Ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ իրենցից ոչ մեկն էլ գոհ չէ այն տեղից, որտեղ գտնվում է մեր երկիրը։
 
«Նախորդ տարի մենք 80–րդն էինք, այս տարի 72–րդում ենք։ Իրականում մեր երկրի մասին շատ տվյալներ ուղղակի չեն տրամադրվել վարկանշային գործակալությանը։ Մենք հիմա աշխատում ենք մի շարք վարկանշային, այդ թվում` սուվերեն ռեյտինգ հրապարակող գործակալությունների հետ` տրամադրելով ոչ միայն արդեն հրապարակված տվյալները, այլև դրանց ներքո գտնվող բովանդակությունը։ Պետք է ասեմ, որ այդ տվյալներից իրենք շատ բան են հասկանում, ու նաև հենց այդ տվյալներն են ազդում մեր երկրի ռեյտինգի վրա»,– ընդգծեց նա։
Ըստ Քերոբյանի` ՀՀ կառավարությունն իսկապես շատ անելիք ունի, որպեսզի տնտեսությունը դառնա գիտելիքահեն։
 
«Նախորդ 30 տարում որևէ բան չի արվել այդ ուղղությամբ։ Հիմա տարբեր ծրագրերով փորձում ենք մեր ըկերություններին համոզել, խթանել, որ ավելի շատ գիտություն օգտագործեն իրենց բիզնեսում»,– հայտարարեց նախարարը։
 
Արթուր Խաչատրյանի հաջորդ հարցը վերաբերում էր էկոնոմիկայի նախարարության կողմից իրականցվող մեկ այլ ծրագրի, որով ձեռնարկություններին օգնում են ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների։
 
«Իրականում հենց այս ծրագիրն էլ նպատակն ունի ստեղծելու գիտելիքահեն տնտեսություն։ Կոչում ունեցող գիտնականների ներգրավելու համար կառավարությունը սուբիսդավորում է նրանց աշխատավարձի 50 տոկոսը»,– նշեց Քերոբյանը։
Ըստ նրա` դա ամսական կազմում է ոչ ավելի, քան 1.5 մլն դրամ, իսկ դա նշանակում է, որ խոսքը գնում է նորմալ աշխատավարձերի մասին։

  • Կիսվել: