շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Բացառվում է, որ կոռուպցիոն շղթան ինձ հասնի. Վահան Քերոբյան

Բացառվում է, որ կոռուպցիոն շղթան ինձ հասնի. Վահան Քերոբյան

Պետք է առաջնորդվենք անմեղության կանխավարկածով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով իրավապահների կողմից իր ղեկավարած գերատեսչությունում երեկվանից խուզարկություններ իրականացնելուն, քրեական վարույթին եւ իր նախկին տեղակալի ձերբակալությանը։

«Քանի դեռ մարդու վերաբերյալ մեղադրական դատավճիռ չկա, մարդը չի կարող համարվել մեղավոր։ Հիշեցնեմ, որ վերջին անգամ երբ էկոնոմիկայի նախարարությունում նման դեպք եղել էր 3 տարի առաջ եւ 3 տարի անց կային մարդիկ, ովքեր ձերբակալված էին, բերման էին ենթարկվել, նրանց նկատմամբ մինչ օրս չկա դատական վճիռ, չնայած էլի նույն կերպ աղմկահարույց էր։

Եթե ուշադիր կարդաք ՔԿ հայտարարությունը այնտեղ, ըստ էության, առաջին դրվագը վերաբերվում է Էկոնոմիկայի նախարարության տեղակալ Անի Իսպիրյանին, այդտեղ 2 կարեւոր արտահայտություն բացակայում է՝ դա կաշառք բառն է, կամ որեւէ այլ կերպով շահագրգռված լինելը»,- նշեց նախարարը։

Նրա խոսքին անդրադարձան լրագրողները՝ ասելով, որ կար «հափշտակություն» բառը, որի ի պատասխան նախարարը հերքեց եւ ասաց, որ չկա այդ բառը․ «Առաջին դրվագով նաեւ չկա բյուջեի փողերի ծախս: Այսինքն` այդ դրվագով, ոչ բյուջեի միջոցներ են ծախսվել, որ գնանք հասկանանք՝ ոնց է ծախսվել, եւ չկա որեւէ կերպ մոտիվացված լինելու հանգամանք: Այստեղ լրացուցիչ պարզաբանման կարիք է զգացվում, թե ինչ է նշանակում չարաշահում: Մենք ավելի քան վստահ ենք, այդ տենդերային գործընթացը անընդհատ եղել է իրավաբանների եւ մյուս գործընկերների, այդ թվում ֆինանսների նախարարության հսկողության տակ: Ես ավելի քան վստահ եմ, որ դատարանը կպարզի, որ գնումների մասին եւ դրա հետ փոխկապակցված օրենքների հետ որեւէ խախտում չի լինի: Պետք է սպասենք, որ Քննչական կոմիտեի գործընկերները ասեն, թե ինչ են հասկանում չարաշահում ասելով»,- ասել է նա:

Լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է կոռուպցիոն շղթան իրեն հասնի, նախարարը պատասխանեց. «Բացառվում է»:

  • Կիսվել: