շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նավթի գնանկումը լուրջ հարված է Ադրբեջանի տնտեսությանը. փորձագետ

Նավթի գնանկումը լուրջ հարված է Ադրբեջանի տնտեսությանը. փորձագետ

Միջազգային նավթային շուկայում նավթի գնի անկումը, ինչպես նաև գնային տատանումները հարված են Ադրբեջանի տնտեսական կայունությանը, InfoPort.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը։

Նրա փոխանցմամբ, Արդբեջանի բյոջեի 70 տոկոսը ձևավորվում է նավթի ու գազի շնորհիվ, իսկ բյուջեի հիմքում նավթի գնահատված արժեքը 40-45 դոլարն է եղել, մինչդեռ այժմ նավթի գները կրկնակի նվազել են։

«Ես հետևում եմ Ադրբեջանում զարգացումներին և տեղյակ եմ, որ վերջերս կառավարության նիստերից մեկում բարձրացվել է կորուստների հարցը, և հայտնի դարձավ, որ Ադրբեջանը այս ամենի արդյունքում 1,5 մլրդ դոլարի կորուստ է կրել։

Ակնհայտ է, որ սա շարունակվելու է մինչև հունիս», -նշեց Դավթյանը։ Փորձագետը հիշեց, որ նավթային շուկայում գրեթե նման իրավիճակ է եղել նաև 2016-ի սկզբին, երբ Ադրբեջանը սանձազերծեց ապրիլյան պատերազմը։ «2014 թվականի վերջին նավթի գինը 107 դոլարի էր հասնում, սակայն 2016-ի սկզբին այն անկում ապրեց՝ հասնելով 30-35 դոլարի։ Եվ սա էր նաև դրդապատճառներից մեկը, որ ստիպեց Ադրբեջանին գնալ միլիտարիստական ավանտյուրայի, որը մենք անվանում ենք ապրիլյան պատերազմ։

Նման սոցիալ-տնտեսական բարդ իրավիճակում, նավթային ռեսուրսներ ունեցող բռնապետական պետությունները գնում են նման քայլերի՝ շեղելու հանրությանը սոցիալ-տնտեսական ծանր վիճակից։ Սա դասագրքային ճշմարտություն է», -ներկայացրեց Վահե Դավթյանը:

 Ըստ փորձագետի, 2016-ի նախադեպը ցույց է տալիս, որ մտավախություններ պետք է ունենալ և նույնիսկ կորոնավիրուսային պանդեմիան չի կարող զսպել Ադրբեջանի նման ագրեսիվ կեցված ունեցող երկրին:

Այս իրավիճակում, Դավթյանի խոսքով, բարձր մարտունակության մակարդակի վրա պետք է պահել ՀՀ Զինված ուժերը և հրաժարվել «ներհայաստանյան կեղծ օրակարգերից»։ Փորձագետը նկատեց, որ այդ երկրում նավթի գնի անկմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական խնդիրները ակնթարթային չեն և կարող են շարունակվել երկար։

«Այսօր ձևավորվում է մի ռիսկային գոտի, որը արդեն 2020 թվականի կեսերից կարող է ձևավորել խորքային խնդիրներ տնտեսության համար։ Եթե սա շարունակական միտում ունենա, իսկ ամենայն հավանականությամբ կշարունակվի, ապա 2020 թվականի երկրորդ կեսին այդ երկրում կարող են ի հայտ գալ սոցիալ-քաղաքական բնույթի ընդվզումներ։ Դրա նախադրյալները կան», - նշեց Դավթյանը։

  • Կիսվել: