ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նամակներ եմ ստանում, ասում են՝ ուզում եմ ուսուցչի աշխատանքի ընդունվեմ, ծանոթ չունեմ, չեմ կարողանում. Փաշինյան

Նամակներ եմ ստանում, ասում են՝ ուզում եմ ուսուցչի աշխատանքի ընդունվեմ, ծանոթ չունեմ, չեմ կարողանում. Փաշինյան

Կան մարդիկ, որոնք դասախոս են եղել կամ հիմա էլ են աշխատում եւ հիմա դիմում են, որպեսզի ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագրին մասնակցեն: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախկինում մենք այդպիսի մեխանիզմ չենք նախատեսել, ատեստավորման ծրագիրը բաց էինք պահում միայն գործող ուսուցիչների համար: Հիմա, օրինակ, դասախոսն ասում է՝ այս փոփոխությունից հետո ուսուցչական աշխատանքը ինձ սկսել է ավելի հետաքրքրել: Մենք հիմա հնարավորություն տալի՞ս ենք մարդկանց վերադառնալ հանրակրթության ոլորտ»,- ասաց նա՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին: վերջինս պատասխանեց, որ այս տարվա ընթացքում այդ հնարավորությունը կարող է բացվել:

Փաշինյանը նկատեց, որ դա կարող է վերաբերվել նաեւ նոր ավարտածներին. «Գուցե նոր ավարտածները ցանկանան սկզբում ատեստավորվել, հետո նոր ընդունվել աշխատանքի: Գուցե ատոստավորված լինելը լինի որոշիչ հանգամանք ուսուցչի տեղի համար մրցույթում:

Խոստովանեմ, ես նամակներ եմ ստանում, ասում են՝ որպես ուսուցիչ ուզում եմ ընդունվել աշխատանքի, բայց քանի որ ծանոթ չունեմ, չեմ կարողանում: Եթե այս չափանիշը նույնպես մտցնենք, կամավոր ատեստավորվել է, մրցույթի է մասնակցում, մյուս մասնակիցներն ատեստավորված չեն, մենք ակնհայտորեն պետք է ատեստավորվածին ընդունենք աշխատանքի: Դա շատ տրամաբանական է»,-ընդգծեց նա:

  • Կիսվել: