երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախարարը չբացառեց պարտք-ՀՆԱ հարաբերակցության նախատեսված ցուցանիշի գերազանցումը տարվա ավարտին

Նախարարը չբացառեց պարտք-ՀՆԱ հարաբերակցության նախատեսված ցուցանիշի գերազանցումը տարվա ավարտին

Հայաստանում 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերի կրճատում չի իրականացվելու, կապիտալ ծախսերն ամբողջ ծավալով իրականացվելու են, իսկ եթե հարկային եկամուտները նախատեսվածից պակաս լինեն, ապա դա կփոխհատուցվի՝ ըստ անհրաժեշտության պետական պարտք ներգրավելով:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թ կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» համապատասխան որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացմանը:

«Մենք անհրաժեշտություն ենք ունենալու նաև առաջիկա տարիներին ներգրավել փոխառու միջոցներ, որովհետև դրանք այն շատ դեպքերում արտոնյալ զարգացման ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցներն են, որոնք պետք է հնարավորություն տան ներդրումներ կատարել ենթակառուցվածքներում, տնտեսության կարևոր ճյուղերում՝ այդպիսով բարձրացնել տնտեսական աճի պոտենցիալը: Համապատասխանաբար թե հիմա, թե առաջիկայում մենք պետք է մտածենք դա իրականացնելու այն եղանակների մասին, որոնք մակրոտնտեսական տեսանկյունից անվտանգ են և կառավարելի»,-ասաց նախարարը:
 

Ծանր 2020 թվականն ամփոփվել էր ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պարտքի ցուցանիշով: Սակայն նախարարը հիշեցրեց կառավարության կողմից ԱԺ-ին միջնաժամկետ ծախսային ծրագրի հետ ներկայացված պարտքի միջնաժամկետ կառավարման ռազմավարության հետ միասին հայտարարվել էր կառավարության մտադրությունը՝ գալիք 5 տարիների ընթացքում այդ ցուցանիշն էապես բարելավելու համար: «Եվ 2021-ն առաջինն էր այդ տարիներից, երբ պետք էր փաստացի արձանագրել համապատասխանությունը հայտարարված նպատակներին և ռազմավարությանը, ինչը, մենք կարող ենք արձանագրել, որ տեղի ունեցավ: Մենք տարին ամփոփեցինք ՀՆԱ-ի նկատմամբ 60.3 տոկոս պարտք ցուցանիշով»,-ասաց նախարարը՝ դա զգալի բարելավում  համարելով:

Կառավարության պարտքը տարեվերջին կազմել է 4 տրլն 210 մլրդ դրամ ( 8 մլրդ 768 մլն դոլար), 6 մլրդ 191 մլն դոլարի չափով՝ արտաքին պարտք, 2 մլրդ 577 մլն դոլարի չափով՝ ներքին պարտք: Զգալիորեն բարելավվել է  ներքին պարտքի կշիռն ընդհանուր պարտքի մեջ՝ մոտենալով 29 տոկոսի:

Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե տարվա վերջում պարտք-ՀՆԱ  հարաբերակցության ի՞նչ ցուցանիշ է լինելու: Նախարարը պատասխանեց, որ վաղ է դեռ գնահատականներ տալ: Ըստ նրա՝ մակրոտնտեսական անորոշությունները միջավայրային առումով կարող են ունենալ բացասական ազդեցություն՝ նախապես կանխատեսած տնտեսական ակտիվության և աճի ցուցանիշների վրա, ինչն էլ ուղիղ ազդեցություն ունի հարկային եկամուտների վրա:

«Եթե այդ իրավիճակն ունենա երկարատև ազդեցություն, ապա հնարավոր է, որ տարին ավարտենք նախատեսվածից ավելի ցածր հարկային եկամուտների կատարողականով: Եվ մեր որոշումն այն է, որ ընթացքից հետևելով իրավիճակին, կներգրավենք այնքան անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք պետք են 2022-ի պետբյուջեով հաստատված ծախսերն ամբողջ ծավալով կատարելու համար: Եվ մենք չենք գնա այն ճանապարհով, որ հարկային եկամուտների հնարավոր նվազման դեպքում ծախսեր կրճատենք:

Կարծում ենք, որ կատարողականի առումով կգտնվենք բավականին լավ ցուցանիշների տիրույթում, կձգտենք կատարել կապիտալ ծախսերը՝ պարտքի որոշակի ավելացմամբ, քանի որ փոխառու միջոցները, որոնք կփոխհատուցեն հարկերին, լինելու են հատկապես և հիմնական վարկային լրացուցիչ միջոցներ: Հնարավոր է, որ տարվա ավարտին ունենանք պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ որոշակիորեն գերազանցող ցուցանիշ, նախատեսել էինք 60.2 տոկոս, կլինի դրանից մի քիչ բարձր»,-ասաց Խաչատրյանը:

Նա ընդգծեց, որ այս որոշմանը գնացել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ երկար աշխատանքային քննարկումների և համատեղ եզրակացության արդյունքում: «Սկզբունքը լինելու է այն, որ, անվտանգ եղանակով ներգրավելով փոխառու միջոցներ, ֆինանսավորելու ենք նախատեսված ծախսերն ամբողջ ծավալով»,-եզրափակեց նախարարը:

  • Կիսվել: