կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
2023-ին հիմնանորոգվել, կառուցվել և սալարկվել են ավելի քան 800 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ. Տիգրան Խաչատրյան

2023-ին հիմնանորոգվել, կառուցվել և սալարկվել են ավելի քան 800 կմ երկարությամբ ճանապարհահատվածներ. Տիգրան Խաչատրյան

Ճանապարհաշինական ծրագրերով հիմնանորոգվել, միջին նորոգվել, վերակառուցվել, կառուցվել և սալարկվել են ավելի քան 800 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածներ, 501 կմ ճանապարհների գծով աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են, այդ թվում՝ 321 կմ հիմնանորոգելու և 149 կմ միջին նորոգելու եղանակով: Վերականգնվել են 57 կամրջային անցումներ: Այդ մասին Ազգային ժողովում ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Հյուսիս-հարավ ծրագրի շրջանակներում Աշտարակ-Թալին հատվածում 42 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի վերակառուցման նպատակով իրականացվել է 2 միջազգային մրցույթ, և աշխատանքները մեկնարկել են: Ավարտվել է Քաջարան-Ագարակ-Իրանի սահման 32 կմ ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների միջազգային մրցույթը, որի շրջանակում աշխատանքները նույնպես սկսված են»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների գծով 2023-ի հանրագումար ծախսը կազմել է 100,4 մլրդ դրամ կամ պետբյուջեով նախատեսված պլանային ցուցանիշի մոտ 97 տոկոսը:
 
Փոխվարչապետը հայտնեց նաև՝ զգալի ներդրումներ են կատարվել ոռոգման և խմելու ջրի մատակարարման ենթակառուցվածքներում: Իրականացվել են 65 կմ ոռոգման համակարգի վերակառուցման աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրերի շրջանակում համայնքներում կառուցվել և նորոգվել են 287 կմ ջրամատակարարման և ջրահեռացման ջրագծեր և 229 կմ ոռոգման ենթակառուցվածք:
 
2023-ին շարունակվել են Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները, ներառյալ ջրամբարի հիդրոմեխանիկական սարքավորումների տեղադրման գործընթացը, կնքվել է Կապսի ջրամբարի կառուցման պայմանագիրը, և շինարարական աշխատանքները մեկնարկել են:
 
«Ընդհանուր առմամբ, ջրային ոլորտում ենթակառուցվածքների բարեկավմանն ուղղված կապիտալ ծախսերի հանրագումարը կազմել է ավելի քան 20 մլրդ դրամ: Ավելի քան 5 մլրդ դրամ արժողությամբ կապիտալ ներդրումներ են իրականացվել էներգետիկ համակարգում ենթակառուցվածքների, այդ թվում՝ բարձրավոլտ էլեկտրամատակարարման ենթակայաններում:

  • Կիսվել: