երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել ՀՀ քաղաքացի դարձածները. ՔՊ-ականները Գեղարքունիքում հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահնվածների հետ

Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել ՀՀ քաղաքացի դարձածները. ՔՊ-ականները Գեղարքունիքում հանդիպել են ԼՂ-ից բռնի տեղահնվածների հետ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյը և ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Գավառ քաղաքում հանդիպել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Գեղարքունիքի մարզում հաստատված բնակչությանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության այն բոլոր ծրագրերը, որոնցից օգտվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցները՝ հավելելով, որ «40 + 10 հազար» ծրագիրը ՀՀ կառավարությունը շարունակելու է մինչև տարեվերջ։

Այնուհետ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչների համար բնակարանային ապահովման ծրագիրը, որով նախատեսվում է այն իրականացնել առաջիկա 5 տարիների ընթացքում՝ սերտիֆիկատների տրամադրման միջոցով։

Ծրագրով նախատեսվում է բնակարան գնելու կամ կառուցապատելու համար մեկ անձի հաշվարկով հատկացնել 3–5 միլիոն դրամ։ Ըստ բանախոսի՝ խոսքը գնում է շուրջ 25-30 հազար բնակարանների տրամադրման կամ կառուցման մասին, այդ պատճառով էլ ծրագրի իրականացման համար հնգամյա ժամկետ է սահմանվել։

Առաջին հերթին ծրագրի շահառու են դառնալու այն ընտանիքները, որոնց կազմում կան 3 կամ ավել անչափահաս, զոհված զինծառայողների ընտանիքները, որոնք նույնպես ունեն անչափահասներ, ինչպես նաև խոցելիության որոշակի մակարդակ ունեցող ընտանիքները։ Այնուհետ ծրագրից կօգտվեն այն ընտանիքները, որտեղ կա 2 կամ ավել անչափահաս երեխա, ապա այլ խմբերի ներկայացուցիչները։

Բնակարանային ապահովման աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խորհրդական Աննա Գասպարյանը ներկայացրել է ԼՂ–ից բռնի տեղահանված քաղաքացիների աշխատանքի, առողջապահական, կրթական, թոշակների և նպաստների վճարման, փաստաթղթերի կարգավորման հետ կապված ծրագրերին առնչվող որոշակի մանրամասներ՝ նշելով, որ Հայաստանի դպրոցներում հանրակրթության մեջ այս պահին ներգրավված են ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար աշակերտ իսկ առողջության պահպանման առաջնային օղակում կցագրված են շուրջ 72 000 հոգի։ Ներդրվել է կենսաթոշակների և նպաստների տրամադրման ավելի հեշտացված կարգ։

Իրականացված և նախատեսվող ծրագրերի ներկայացումից հետո պարզաբանումներ են տրվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բազմաբնույթ հարցերին։

  • Կիսվել: