կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սոճիների հիվանդության բռնկումը կշարունակվի, նրանց կորուստն աղետ կլինի Հայաստանի համար․ անտառագետ

Սոճիների հիվանդության բռնկումը կշարունակվի, նրանց կորուստն աղետ կլինի Հայաստանի համար․ անտառագետ

«Սևան» ազգային պարկում Նեմատոդոզ հիվանդությունն օրեցօր տարածվում է եւ վնասում սոճիներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց անտառագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Խուրշուդյանը։

Նրա խոսքով՝ սոճիների հիվանդությունը սկսվել է նկատվել 2017 թվականին, սակայն այն սկսվել է ավելի վաղ, Մեղրաձորի հատվածում։

«Հետազոտություններ եղան, բայց ոչինչ չհայտնաբերվեց, ուղղակի ծառերը հատվեցին։ Նման դեպքում ծառերի ամբողջ փայտային հատվածը, բոլոր մնացորդները վարակման աղբյուր են, եւ դրանք պետք է հմտորեն ոչնչացվեր, ինչը չարվեց։ Հետո սկսվեց տարածումը, ինչին ուշադրություն չդարձվեց, լուրջ մոտեցում եղավ 2019 թվականին, երբ արդեն հասկանալի էր, որ դեղնությունը ծերության նշան չէ։ Հետազոտությունները ցույց տվեց հիվանդությունը։ Կրկին ահազանգեցինք, գնացին Տավուշ մի փոքր ուսումնասիրություններ կատարվեցին, բայց գործը կանգնեց։ Հիվանդությունը խորացավ, կարծում եմ՝ բռնկումը շարունակվելու է»,- նշեց նա։

Անտառագետի կարծիքով՝ Սոճիների անտառի կորուստը կարող է անդառնալի վնաս հասցնել մեզ։

«Մենք կկորցնենք մեր անտառապատվածությունը, նրանք նաեւ ունեն ջրակարգավորիչ եւ հողակարգավորիչ ֆունկցիաներ, աղետ կլինի Հայաստանի համար։ Սոճիների հատմումը կազդի Սեւանա լճի վրա, որովհետեւ ավազանի տարածքով է սնվում լիճը եւ դրա տարածքը տասնյակ անգամ մեծանում է անտառածածկ լինելու շնորհիվ։ Կսկսվեն քամու ուժեղ տատանումներ»,- ասաց Խուրշուդյանը։

Բնապահպանության ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանի կարծիքով՝ պետք է գոնե սկզբում մոբիլ խումբ ստեղծել նախարարության տանիքի տակ, դրան զուգահեռ ունենալ հանձնախումբ, որը գնալու է տեղերում աշխատելու եւ հատումներ իրականցնելու, իրենք ոչ թե գյուղացիները։

«Լայն ծառահատումները կարող են առավել վատացնել իրավիճակը։ Պետք է հրավիրել մասնագետների խորհրդատվության համար։ Գուցե Ճապոնիայից, որովհետեւ այս հիվանդությունն առաջինը նկատվել է այնտեղ, առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Փորձը պետք է տեղայնացնել։ Եթե մենք կարողանայինք այն ժամանակ լոկալ հատվածների վրա աշխատել, այսպես չէր լինի»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: