Նախարարն անդրադարձել է խաղողի մթերման ցածր գնից բողոքողների խնդրին
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչների բողոքի ակցիային, երբ փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը՝ բողոքելով խաղողի մթերման գների ցածր լինելուց:
Խաչատրյանի խոսքով՝ ինքն ակցիայի մասնակիցների հետ հանդիպում չի ունեցել, բայց գործընկերները կապի մեջ են եղել մարզպետարանի աշխատակիցների հետ:
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Տեղյակ եմ, որ քննարկումներ են վարել կազմակերպության ներկայացուցչի հետ, որ նախատեսում է գնել ու խաղողն արտահանել: Խնդիրն այն խաղողի հետ է, որը վերամշակողները չեն գնում, որպես կանոն, այլ արտահանվող խաղողն է՛՛:
Նախարարը նաև ասել է, որ կառավարությունը խաղողի մթերման խնդիրները կարգավորելուն միտված քայլեր է ձեռնարկել և ակնկալում է, որ այդ քայլերն արդյունք կտան: Խաչատրյանը նշել է, որ վստահ է, որ կգտնվեն լուծումներ:



