հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նախագծով իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկը կվճարեն կիսամյակը մեկ

Նախագծով իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկը կվճարեն կիսամյակը մեկ

Առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում և կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումն իրականացնել 1-ին կիսամյակի համար` մինչև հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համար` մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում ակնկալվում է, որ կբարելավվի համայնքի բյուջեի եկամտային մասի պլանավորման և կատարման մակարդակը, ինչպես նաև կբարձրանա նպատակային օգտագործման արդյունավետությունը: Այս մասին ասել է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Փոխնախարարը նաև հայտնել է, որ ֆիզիկական անձանց համար անշարժ գույքի հարկի հաշվարկման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին: Ֆիզիկական անձինք կշարունակեն անշարժ գույքի հարկը վճարել տարեկան մեկ անգամ:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում և ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ ընթացիկ նստաշրջանի օրակարգի նախագծում:

  • Կիսվել: