ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մի՜ հետաձգեք ձեր ծախսերը․ Բաբկեն Թունյան

Մի՜ հետաձգեք ձեր ծախսերը․ Բաբկեն Թունյան

Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանը կոչ է անում չհետաձգել ծախսերը, քանի որ գնումները,  գործողությունները տնտեսական ակտիվություն են խթանում, հարկեր են գեներացնում, որ գնալու են բյուջե, այնտեղից էլ անհրաժեշտ ծախսեր են կատարվելու։  

Նրա գրառման մեջ ասվում է․

«Ի հավելումն նախորդ գրառմանս: Կարող է շատ պրագմատիկ համարեք, բայց ես այսպես եմ մտածում։

Խնդրանք - կոչ մեր համաքաղաքացիներին

Մի՜ հետաձգեք ձեր ծախսերը։ Հասկանում եմ, որ հիմա ոչ տրամադրություն կա ինչ-որ բան գնելու ոչ ժամանակ։ Հասկանում եմ, որ հոգեբանորեն դժվար է գնալ մոլում հագուստ կամ մեկ այլ բան գնել՝ իմանալով, որ սահմանին զինվորներ են զոհվում, ու որ Ստեփանակերտում մարդիկ նկուղներում են պատսպարված։

Հասկանում եմ, որ սրճարան կամ մեկ այլ տեղ գնալու սիրտ չունեք։ Հասկանում եմ, որ անհարմար եք զգում. մտածում եք` բա կողքից անցնող մարդիկ ի՞նչ կմտածեն։

Ամեն ինչ հասկանում եմ։ Բայց ձեր գնումները, ձեր գործողությունները տնտեսական ակտիվություն են խթանում, հարկեր են գեներացնում, որ գնալու են բյուջե, այնտեղից էլ անհրաժեշտ ծախսեր են կատարվելու։ Չեմ ասում՝ գնաք քեֆ ուրախություն անեք, բայց սրճարանում մարդկանց հետ հանդիպել, զրուցել ,կամ երեխային տեղ տանել՝ դա էլ է պետք։

Հարգելի՜ գործարարներ, ոչ մի րոպե կանգ մի առեք։ Մի՜ հետաձգեք ձեր ծախսերը։ Մի հետաձգեք ձեր ներդրումները, ձեր ծրագրերը։ Հիմա խնայողության ժամանակը չի, սպասելու ժամանակը չի։ Հիմա գործելու ժամանակն է։ Որքան ակտիվ, այնքան լավ։ Կլինեն խնդիրներ՝ ասեք։ Կփորձենք արագ լուծումներ գտնել։

Հարգելի՜ ֆինանսական ինստիտուտներ, ավելի համարձակ եղեք տնտեսության ֆինանսավորման մեջ։

Տնտեսությունը պիտի շնչի։ Նոր ու թարմ շնչով։ Ոչ միայն հաղթանակի համար, այլ հաղթանակից հետո Հայոց աշխարհը շենացնելու համար։ Մեր ակտիվությունն է ամենահամոզիչ ապացույցը, որ մի գրամ չեք կասկածում մեր հաղթանակի մեջ։

Հանգանակությունները, նվիրատվությունները կարեւոր են, բայց մենք պիտի ավելի համակարգված, ինստիտուցիոնալ մտածենք ու աշխատենք։ Ուժեղ տնտեսություն => մեծ բյուջե => հզոր սպառազինություն։ Սա է բանաձեւը։ Ու սա է երաշխիքը, որ միշտ հաղթած լինենք, ի սկզբանե հաղթած։

Ամենաէֆեկտիվ «հիմնադրամը» պետական բյուջեն է։ Փողը ծախսելու ամենաճիշտ գործիքը պետական բյուջեն է։ Ամենաճիշտ նվիրատուն աշխատող արդյունք ստեղծող ու հարկեր վճարող քաղաքացին է։

Մենք նավթ չունենք, միլիարդավոր նավթադոլարներ չունենք։ Բայց մենք ունենք պետություն, որը կարող է այնքան փող ներգրավել, որքան պետք է: Դրանում թող ոչ ոք չկասկածի։ Մենք ունենք գիտակից, արարող ու ստեղծագործ քաղաքացիներ, որոնք իրենց աշխատանքով ու հարկերով այդ բեռի տակից պատվով դուրս կգան։

Կյանքը շարունակվում է ու շարունակվելու է հաղթանակից հետո։

#ՀԱՂԹԵԼՈՒենք»։

  • Կիսվել: