Պաշտպանական ծախսերը, սկսած 2023-ից, էապես աճել են. Պապիկյան
Պաշտպանական ծախսերը սկսած 2023–ից էապես աճել են։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով այն մասին, որ 2026–ին պաշտպանությանն ուղղված ծախսերն ավելի քիչ են, քան 2025–ին։
Նա, մասնավորապես, նշեց. «2023–ից իրականացվել և իրականացվելու են աննախադեպ ծախսեր, որոնք էապես փոխել են մեր հնարավորությունները։ Սա վերաբերում է և բանակի կարիքներին, և զինծառայողների սոցիալական վիճչակին և բազմաթիվ այլ հարցերին, այդ թվում նաև սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ձեռքբերմանը, ինժեներական աշխատանքներին։ Այսինքն այն ամբողջ աշխատանքը, որ արվել է այս տարիների ընթացքում, հնարավոր է եղել մեր կառավարության հատկացրած միջոցների հաշվին։
Այն, որ 2025–ի և 2026–ի միջեւ առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, իրականում այնտեղ հստակ բալանս կա, որովհետեւ, երբ համեմատենք 2024–ին պաշտպանական ծախսերի համար հատկացված բյուջեն և 2026–ին նախատեսվողը, ապա կտեսնենք, որ բավականին նորմալ աճ է նկատվում 2023–ի, 2024–ի և 2026–ի միջեւ։ Այստեղ իրական դիսբալանսը տեղի է ունեցել հօգուտ ՊՆ–ի, որովհետեւ ելնելով տվյալ պահի տարածաշրջանային զարգացումներից, մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 2025–ին, որի արդյունքում էլ տեղի է ունեցել, առաջին հայացքից այս խզվածքը, որը բոլորովին էլ արտասովոր բան չէ, այլ բնական գործողություն, որն արել է ադեկվատ կառավարությունը»։
Պապիկյանը նաև ասաց, որ եթե քաղաքացիները ծանոթացել են վարչապետի հայտարարությանը, ապա կարող են կազմել խմբեր, դիմել համապատասխան հասցեով, և այդ խմբին իրենք կարող են ծանոթացնել տեղական և ձեռք բերված սպառազինության միջոցներին:


