շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Կդառնա՞ արդյոք «Հյուսիս–հարավ» միջանցքը տարանցիկ ճանապարհ ԵԱՏՄ երկրների հետ կապի համար

Կդառնա՞ արդյոք «Հյուսիս–հարավ» միջանցքը տարանցիկ ճանապարհ ԵԱՏՄ երկրների հետ կապի համար

 Հայաստանը միանշանակ, կարող է օգտվել ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի համաձայնագրի կնքումից, և «Հյուսիս–հարավ» միջանցքը կարող է տարանցիկ ճանապարհ դառնալ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրի համար։ Sputnik Արմենիայի թղթակցի հարցին ի պատասխան ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 
«ԵԱՏՄ–Իրան ազատ առևտրի համաձայնագիրն արդեն ստորագրման վերջնական փուլում է։ Հայաստանը, լինելով Իրանի միակ ցամաքային սահմանակիցը ԵԱՏՄ երկրներից, ունի մեծ հնարավորություն օգտվելու ԵԱՏՄ–Իրան ազատ համաձայնագրի կնքումից, իհարկե, եթե միջավայրը, այդ թվում նաև ճանապարհատուրքերի առումով և ենթակառուցվածքները լինեն բարձր մակարդակի»,– ասաց Քերոբյանը։
 
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը Հայաստանում իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է հարևան երկրների հետ հաղորդակցման դյուրինացումը, Կենտրոնական Ասիա, Եվրոպա ձգվող հաղորդակցության ուղիներով դեպի արտաքին շուկաներ ելքի հնարավորությունների ընդլայնումը, տնտեսության հիմնական ոլորտների զարգացումն ու արտահանման ընդլայնումը և այլն:
 
Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկությունը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի սևծովյան նավահանգիստներ։ Դա թույլ կտա իրականացնել բարձր չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

  • Կիսվել: