շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կասկադի փոսորակը վերադարձվում է համայնքին, կլինի ժամանակակից արվեստի նոր թանգարանի մասնաշենքը, կունենանք ամֆիթատրոն. քաղաքապետ

Կասկադի փոսորակը վերադարձվում է համայնքին, կլինի ժամանակակից արվեստի նոր թանգարանի մասնաշենքը, կունենանք ամֆիթատրոն. քաղաքապետ

Կասկադ համալիրի փոսորակը, որը 2002 թվականին համայնքի կողմից նվիրաբերվել էր  «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին, և հարակից տարածքը բանակցությունների արդյունքում ամբողջությամբ վերադարձվում է համայնքին: Այս մասին այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստին ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նա նշեց, որ հետագայում հնարավորություն կունենանք մասնավոր ներդրողների աջակցությամբ ավարտելու փոսորակի աշխատանքները: «Այդ տեղում կլինի ժամանակակից արվեստի նոր թանգարանի մասնաշենքը, կունենանք ամֆիթատրոն, որը հնարավորություն կտա ակտիվացել Երևանում մշակութային կյանքը»,- ասաց քաղաքապետը:

Այսպիսով «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրենը Երևանի քաղաքապետին հասցեագրված 08.09.2022 թվականի գրությամբ հայտնել է, որ հիմնադրամը պատրաստակամություն է հայտնում Կասկադ համալիրի՝ հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող հողամասի չկառուցապատված հատվածը նվիրաբերել Երևան համայնքին՝ Կասկադ համալիրի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով: Նախագիծը ընդունվեց միաձայն:

  • Կիսվել: