երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
«Կասկադի» վերակառուցման ծրագիրը խախտում է ճարտարապետների հեղինակային իրավունքը. հայտարարություն

«Կասկադի» վերակառուցման ծրագիրը խախտում է ճարտարապետների հեղինակային իրավունքը. հայտարարություն

«Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը խախտում է այն նախագծած ճարտարապետների հեղինակային իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ճարտարապետների խորհուրդը։
 
«Կասկադը» մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է, 2018 թվականին ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով։
 
Համալիրի հեղինակներն են ՀՀ վաստակավոր ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը, Սարգիս Գուրզադյանը և Ասլան Մխիթարյանը։ «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ջիմ Թորոսյանի հեղինակային իրավունքը նրա ժառանգների համար գործում է մինչև 2084թ․ (հեղինակային իրավունքները շարունակում են գործել հեղինակի մահից հետո 70 տարի,- խմբ․), Սարգիս Գուրզադյանի ժառանգների համար՝ մինչև 2085 թվականը, իսկ Ասլան Մխիթարյանը ներկայում ստեղծագործող ճարտարապետ է։
 
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և հեղինակային իրավունքը պաշտպանող օրենսդրությունից բխում է, որ «Կասկադ» համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ առանց լիազոր մարմնի համաձայնության (ԿԳՄՍ նախարարություն), իսկ դեռ չկառուցված մասում ճարտարապետական նախագծի փոփոխությունները կարող են կատարվել միայն հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությամբ: «Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Շեշտում են՝ «Կասկադի» համալիրն ավարտին հասցնելու խնդիրը հասունացել է վաղուց, սակայն անհրաժեշտ է շրջահայաց և արհեստավարժ մասնագիտական մոտեցում։ Իսկ քվեարկությունը տեղի է ունեցել ընդամենը «Ակտիվ քաղաքացի» հարթակում։
 
Հայաստանի ճարտարապետների պալատի խորհուրդը առաջարկում է ժամանակավորապես կասեցնել «Կասկադի վերակառուցման» ծրագրի իրականացումը և կառույցի հեղինակ՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանին ընդգրկել նախագծային գործընթացում:
 
 
Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի շուրջ և ակնկալում է հնչեցված խնդրի վերաբերյալ քաղաքային իշխանությունների համարժեք արձագանքը։ Շեշտում են՝ սա վտանգավոր նախադեպ կարող է դառնալ հետագայում քաղաքաշինական և մշակութային բարձրարժեք օբյեկտների նկատմամբ անհարկի միջամտությունների համար:
 
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի 17-ին Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստում հայտարարվել է «Կասկադի վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպությունը, որն իրականացնելու է ներդրումային ծրագիրը։

  • Կիսվել: