հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կառավարությունում կրկին քննարկվում է սպանդանոցների հարցը

Կառավարությունում կրկին քննարկվում է սպանդանոցների հարցը

Կառավարությունն  այսօրվա նիստում   սպանդանոցների կառուցման վերաբերյալ համապատասխան որոշում ընդունեց։  Նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետությունում պարտադիր սպանդանոցային մորթի անցումը կազմակերպելու համար սպանդանոցային ցանցն ընդլայնելու նպատակով տնտեսավարողներին պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ:

Նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հայտեցն, որ ճշգրտումներ են կատարվում գործող աջակցության ծրագրերում:

«Մենք առաջարկել ենք փոփոխություններ, որոնք նախատեսում են, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչև 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում  7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն»,- ասաց նա։

Նախարարը հայտնեց, որ առաջինը վերաբերում է շարժական սպանդանոցների ֆինանսավորմանը, երկրորդը՝միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում, երրորդ՝ մոդուլային սպանդանոցների կառուցման  ֆինանսավորում:

«Այսինքն՝ մենք այս երեք փոփոխությունները կատարելով, հիշում ենք նաև, որ ունենք ևս երկու աջակցության գործիք, որոնք կարող են օգտագործել այս գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները: Դրանցից առաջինը՝ եթե շենք է կառուցվում, առանձին վարկավորման գործիք ունենք, կարող են օգտվել դրանից: Եթե կենդանիներ տեղափոխելու համար տրանսպորտային միջոց է անհրաժեշտ, ապա ունենք մեկ այլ ֆինանսավորման գործիք նույնպես»,-  ընդգծեց  Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ հանրապետությունում  կառուցվել են 38 սպանդանոցներ, որոնցից 20-ը ներտնտեսային նպատակով գործողներ են:  Ըստ նրա, խոշոր ֆերմերային տնտեսությունները գերադասում են ունենալ իրենց սպանդանոցները, մնացած 18-ը հանրապետության տարբեր մարզերում ծառայություններ են մատուցում երրորդ անձանց:

Ներկայում կառուցվում են ևս 24 նոր սպանդանոցներ, որոնք ծառայություններ են մատուցելու երրորդ անձանց:  «Երբ մենք մոտավոր քարտեզ էինք փորձում ձևավորել, ապա 36 նոր կառուցվող սպանդանոցներ կարող են լինել հաջորդ ամիսների ընթացքում, 24-ը կառուցման ընթացքում են արդեն, և այդ 24-ից 12-ն արդեն համընկնում են այդ 36-ի տեղակայմանը: Այսինքն՝ կան ևս 24 կետեր, եթե մեկը ցանկանում է հիմնել սպանդանոց, ապա հաջորդ ամիսները հենց դրա համար են»,-  ընդգծեց նախարարը:

Տիգրան Խաչատրյանի խոսքով, կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ երբ ունենալու են  շարժական սպանդանոցներ, ապա դրանք ֆիզիկական տեղաբաշխվածության խնդիրը կմեղմացնեն։

 

  • Կիսվել: